Վլադիմիր Հակոբյան. ԼՂ-ն պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն ՀՀ նախագահի շուրթերից

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյան

«Թող ոչ ոք չկասկածի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից», - այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղը ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագիծը Հայաստանի կառավարության նիստի օրակարգում ներառելու շուրջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության և այլ պաշտոնյաների հայտարարություններին:

«Ավաղ, Ադրբեջանում այնքան երկար են ապրել բռնապետության ներքո, որ արդեն անգամ իշխանության ամենաբարձր օղակներում են մոռացել, որ այլ երկրներում սովորաբար լինում են նաև բանտերից դուրս գտնվող մարդիկ, ովքեր ընդդիմադիր են, այլ երկրներում բանտերից դուրս գտնվող ընդդիմադիրները, պատկերացնո՞ւմ եք, իրավունք ունեն օրենսդրական նախաձեռնություններ առաջ քաշել և այլ երկրներում, օ՜ զարմանք, կառավարությունները պարտավոր են իրենց նիստերի օրակարգում ներառել ընդդիմադիրների նախաձեռնությունները և քննարկել դրանք», - ասել է Հակոբյանը։

Նա նշել է, որ այս պահին Հայաստանում հետևում են «Ադրբեջանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների զառանցանք-հայտարարությունների շքերթին, որոնք զարմանքից բացի միայն զվարճանք կարող են առաջացնել»: «Տպավորություն է, թե Ադրբեջանում անգամ ժողովրդավարության մասին գրքերն են վերացել, որոնք կարելի է կարդալ ու տեղեկանալ», - ասել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված է Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Այս մասին տեղեկատվությանը արձագանքելով՝ պաշտոնական Բաքուն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է, մասնավորապես, թե Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ Երևանը վերջ կդնի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացին, և Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային հանրությունը պետք է «համարժեք պատասխանեն նման սադրիչ գործողություններին»։