Փոստանջյանը առաջարկում է սպառազինություն գնել բարձրաստիճան պաշտոնյաների անձնական միջոցներով

Զարուհի Փոստանջյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն») կարծիքով, ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հիմնադրամ ստեղծեն:

«Առաջին գումար ներդնողը պետք է լիներ Սերժ Սարգսյանը, և առաջին մուտքը պետք է կազմեր առնվազն իր կողմից հարյուր միլիոն դոլար: Դրանից հետո՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնց թիվը՝ ընտանիքի անդամներով, կազմում է շուրջ հինգ հարյուր մարդ․․․ այդ բոլորը որ այդ հիմնադրամը այդ գումարներով համալրեն, մենք կունենանք նաև ժամանակակից սպառազինություն», - խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այսօր հայտարարեց Փոստանջյանը՝ պնդելով նաև, որ հարուստներն ու նրանց ընտանիքների անդամները առաջնագծում չեն հայտնվել:

Վահրամ Բաղդասարյանը (ՀՀԿ) ընդվզեց․ - «Օրինակ, Ղարաբաղի ֆրակցիայի ղեկավարի երկու տղաները առաջնագծում հանդիպել են ինձ: Տղաներս փոքր են, բայց իմ հորաքրոջ թոռը և հորեղբորս թոռը այսօր առաջնագծում են, որոնց նույնպես հանդիպել եմ: Նկատի ունեմ, որ ես այդ հնարավորությունները կարող էի ունենալ, որ նրանց հետ քաշեի առաջնագծից: Չկա նման տիպի երևույթ: Համենայն դեպս իմ ընտանիքում և իմ ազգում նման խնդիր չկա»:

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով, Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկության արդյունքները կեղծված են․ երեկվա քվեարկությունը, ըստ նրա, կազմակերպվել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի կոպտագույն խախտումներով․ - «Կոչ ենք անում իշխանություններին իսկապես սթափվել, հրաժարվել նման աճպարարություններից: Եթե խոսքը այն է, որ մենք պետք է միասնաբար դիմագրավենք արտաքին սպառնալիքներին, ուրեմն իրենք պետք է իրենց գործողությունների մակարդակը ապահովեն: Այլապես որևէ հավատ հանրության մեջ չի լինի»:

«Որևէ կանոնակարգի խախտում չի եղել», - հակադարձեց Վահրամ Բաղդասարյանը: - «Դա այն պատրվակներն են, որոնք ցանկանում են ցեխ շպրտել, մրոտել արդեն իսկ այսքան ամիսներ, շուրջ մեկ տարուց ավելի քննարկված Ընտրական օրենսգիրքը, որի ժամանակ իրենք չկարողացան իրենց հնարավորությունները միացնել և ձախողել: Այսինքն, նախկին Ընտրական օրենսգիրքը իրենց ձեռք էր տալի, որն այդքան տարի քննադատել էին»:

ՀԱԿ-ը, ըստ Զուրաբյանի, չի հրաժարվել կոնսենսուսի գաղափարից: Ընդդիմադիր կոնգրեսը, հիշեցնեն, օրենսգրքի առաջին ընթերցման քննարկումներին իր մասնակցությունն առկախել էր հենց կոնսենսուսի բացակայության պատճառաբանությամբ․ - «Ոչ ոք թող այդ կոնսենսուսի գաղափարը չթաղի: Մենք դեռ անելիք ունենք»:

Հղում անելով Ընտրական օրենսգրքի երեկվա քվեարկությանը՝ Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե կոնսենսուսը կայացել է․ - «98 ձայն էր․․․ ինքնըստինքյան դա նշանակում է արդեն կոնսենսուս: Բացառությամբ «Օրինաց երկրի», որոնք չեն քվեարկել, կա՞ր այդպիսի ֆրակցիա, որոնց անդամները չեն քվեարկել կողմ»:

Միքայել Մելքումյանը (ԲՀԿ) ասաց․ - «Իշխանությունները եթե զգում են, որ ինչ-որ մի սահմանից հետո այդ կոնսենսուսը բերելու է որոշակի պրոբլեմների, ուրեմն դրանք սահմանափակում են էդ կոնսենսուսի խորությունը կամ լայնությունը կամ բարձրությունը»: