Մատչելիության հղումներ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը


Օրինագիծն ընդունվեց 98 կողմ, 9 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Քվեարկությունը առաջին անգամից չստացվեց․ ընդդիմադիրները պահանջում էին քվեարկությունից առաջ իրենց արտահայտվելու հնարավորություն տալ:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, հարցը երկրորդ անգամ դրեց քվեարկության՝ համառորեն անտեսելով ընդդիմադիր պատգամավորների կոչերը:

Թեև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը թույլ է տալիս պատգամավորներին վարման կարգով արտահայտվել ինչպես քվեարկությունից առաջ, այնպես էլ հետո, Գալուստ Սահակյանը անդրդվելի էր:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ կային պատգամավորներ, որ ցանկանում էին 20 րոպե ընդմիջում վերցնել, և հայտարարեց՝ կանոնակարգ օրենքի այս կոպտագույն խախտումը Ընտրական օրենսգրքի քվեարկությունը զրկում է լեգիտիմությունից․ - «Սա արդեն լեգիտիմ օրենք չի կարող համարվել: Եթե այսպես եք վարվում, տարրական պահանջները խախտում եք․․․ Ինչո՞ւ եք հենց սկզբից ռումբ դնում այս Ընտրական օրենսգրքի տակ: Սա խայտառակություն է: Հայ ազգային կոնգրեսը, բնականաբար, դեմ է քվեարկել»:

Խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց․ - «Քվեարկությունից առաջ և հետո կարող եք վարման կարգով ելույթ ունենալ: Քվեարկությունից հետո ձեզ բոլորիդ տվել են վարման կարգով արտահայտվելու հնարավորություն: Կանոնակարգի որևէ խախտում, խայտառակություն կամ ռումբ այստեղ բացարձակապես գոյություն չունի»:

Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), ով քվեարկությունից առաջ ձայն խնդրող պատգամավորներից մեկն էր, հայտարարեց, թե խորհրդարանի ղեկավարությունը հստակ դիտավորությամբ է քվեարկությունը շուտափույթ կազմակերպել․ - «Դուք ունեցել եք դիտավորություն՝ թույլ չտալու, որպեսզի մենք կարողանանք վարման կարգով արտահայտվել: Քանի որ ունեիք մտավախություն, որ մենք կվերցնեինք ընդմիջում, և դուք չէիք կարող բերման ենթարկել այդ ձեր զանգվածին, որը այս պահի դրությամբ արդեն այստեղ չի, փախել են բոլորը»:

Նախագծին դեմ արտահայտվեցին պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վարդան Օսկանյանը, ՀԱԿ խմբակցության բոլոր անդամները՝ բացի կողմ քվեարկած Լյուդմիլա Սարգսյանից:

Առաջին ընթերցմամբ Ընտրական օրենսգրքի քննարկումների վերջին օրը քվեարկության պես թեժ էր: Խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում քննադատեց իշխանության և ընդդիմության չստացվող երկխոսությունը․ - «Ինչո՞ւ է մեր խոսակցությունը անընդհատ նմանվում երկու խուլերի խոսակցության․ ամեն մեկն իրենն է ասում և մյուսին չի լսում ու չի հասկանում»:

Հանրապետականների հայտարարություններին, թե պատրաստ են փոխզիջումների, այլ ոչ թե միակողմանի զիջումների, Էլինար Վարդանյանը (ԲՀԿ) արձագանքեց․ - «Նախագիծը ներկայացնողը դուք եք, ես ի՞նչը զիջեմ, իմ տեսակետի՞ց փոխզիջումների գնամ: Զիջումներին, փոփոխություններին պետք է գնա նախագիծը ներկայացնողը, որպեսզի ընդունելի լինի բոլորի համար»:

Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ) բացատրեց, թե ինչու է ընդդիմությունը դեմ իշխանության ներկայացրած նախագծին, մասնավորապես՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի Ընտրական օրենսգրքում տեղ գտած մեկնաբանությանը․ - «Պարզից պարզ է, որ հարյուր տոկոս համամասնականը դառնում է 50 տոկոս համամասնական, 50 տոկոս՝ չգիտեմ ինչ: Ոնց որ ասենք, թե խիարն ու բողկը նույն բանն է: Խիար եք գրել Սահմանադրության մեջ, խիար արեք, հիմա բերել բողկ եք դեմ տալիս»:

Նիկոլ Փաշինյանը իշխանությունների առաջարկած բաց ցուցակներով համամասնական ընտրակարգի մեջ դրական կողմեր նույնպես տեսնում է՝ քաղաքացին ստիպված կլինի հստակեցնել ընտրությունը․ - «Սա միայն քաղաքացու խնդիրը չի: Բայց բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ գնում են հորողբոր տղու, դասարանցու, եղբոր տղու սիրույն քվեարկում են իրենց թաղի, օրինակ, Ծգլի օգտին, և վազում են ընդդիմությունից իշխանափոխություն պահանջելու: Այս երկու պրոցեսները անհամատեղելի են»:

Աղվան Վարդանյանը (ՀՅԴ) նկատեց, որ լավ ընտրություններ կարելի է անցկացնել վատ օրենսգրքով և հակառակը՝ ամենալավ օրենքը չի կարող երաշխիք լինել լավ ընտրությունների համար․ - «Դաշնակցության անունից առաջարկում եմ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ մասնակից բոլոր քաղաքական ուժերը ստորագրում են ջենտլմենական համաձայնագիր, որ ո՛չ իրենք, ո՛չ իրենց տարածքային թեկնածուները ընտրակաշառք չեն բաժանելու»:

XS
SM
MD
LG