Հետևաբար՝ ՀԲ-ն առայժմ չի վերանայել նախկինում հրապարակած 1.9 - 2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Պատասխանելով «Ազատության» հարցին, այսօր այս մասին հայտարարեց Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։
«Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ նմանատիպ իրավիճակների երկարաձգման դեպքում դա ազդում է վստահության մթնոլորտի վրա, որն էլ, իր հերթին, բացասական ազդեցություն է ունենում օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով։ Սա այն ուղղությունն է, որը մենք մոնիտորինգի ենք ենթարկելու։ Սակայն, այդպիսի ազդեցություն առայժմ չենք նկատում»,- ասաց ՀԲ գրասենյակի ղեկավարը։
Նա նաև նշեց, թե Համաշխարհային բանկն իր համակրանքն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետևանքով ծանր կացության մեջ հայտնված հայ ընտանիքներին, միաժամանակ, ընդգծելով՝ իրավիճակի սրման պատճառաբանությամբ՝ Հայաստանում իրականացվող որևէ ծրագիր չեն դադարեցնելու։ «Ղարաբաղում չունենք որևէ գործող ծրագիր, բայց մենք ունենք ոռոգման, կրթության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրեր Հայաստանի Տավուշի և Սյունիքի մարզերում։ Դրանցից որևէ մեկը չի դադարեցվելու»,- մանրամասնեց Լորա Բեյլին։
ՀԲ-ի կողմից Հայաստանին տրամադրվող վարկերի ծավալը տարեցտարի նվազում է։ Դրա պատճառը, ըստ Լորա Բեյլիի, այն չէ, որ կառույցն աստիճանաբար սառեցնում է հարաբերությունները Հայաստանի հետ։ Նպատակն արդեն իրականացվող ծրագրերին ավելի մեծ ուշադրություն դարձնելն է՝ դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար, ասաց ՀԲ ներկայացուցիչը։
ՀԲ-ն երեկ իսկ հաստատել է Հայաստանին տրամադրվելիք նոր՝ 30 մլն դոլարի վարկային ծրագիր։ Այն միտված է լինելու էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների դրամական միջոցների արտահոսքի կասեցմանը և թանկ առևտրային վարկերի ու դեբիտորական պարտքերի նվազմանն աջակցելուն: Վարկային նոր ծրագրի շրջանակում վճարվելու է նաև գազի դիմաց «Երևան ՋԷԿ»-ի կուտակած պարտքը: Այս մասին հայտարարեց ՀԲ ծրագրերի ղեկավար Արթուր Կոչնակյանը։
«Ուղղություններից մեկը նաև գործող թանկ առևտրային վարկերի վերաֆինանսավորումն է, էլեկտրաէներգետիկ ընկերությունների: Այդ առևտրային վարկերը կվերաֆինանսավորվեն Համաշխարհային բանկի արտոնյալ վարկի միջոցով: Կցանկանայի հատուկ շեշտել, որ այս վարկի սպասարկման գումարը լրացուցիչ սակագնային բեռ չի ստեղծելու սպառողների համար»,- ասաց Կոչնակյանը:
Վարկի տրամադրման պայմաններից մեկն էլ գազի սակագնի հաշվարկի հետևանքով խոշոր սպառողների կրած վնասների փոխհատուցումն է։ Հաշվարկը կախված է տվյալ պահին դոլարի փոխարժեքից։ Հետևաբար՝ փոխարժեքի տատանումը կարող է վնասել գազ սպառող էներգետիկ ընկերություններին։ Նախատեսվում է վերանայել նաև ՀԷՑ-ի սակագնային մարժայի ձևավորման մեթոդները։ Այս առնչությամբ, Արթուր Կոչնակյանը նշեց՝
«Դա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն վնասներին, որոնք առաջանում են և՛ ՀԷՑ-ում, և՛ ջերմային կայաններում, այլ նաև լրացուցիչ շահույթներին: Եթե, պատկերացրեք՝ ՀԷՑ-ի կողմից գնվող էլեկտրաէներգիայի փաստացի ինքնարժեքը լինում է ավելի ցածր, քան պլանավորված է, ՀԷՑ-ում գոյանում է լրացուցիչ շահույթ, համապատասխանաբար, ճշգրտվելու են սակագները»: 30 մլն դոլարի վարկը ՀԲ-ն տրամադրելու է 14,5 տարի արտոնյալ և 25 տարի ընդհանուր մարման ժամկետով։
Անդրադառնալով Հայաստանի՝ վերջին շրջանում զգալիորեն մեծացած արտաքին պարտքին, ՀԲ գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին նշեց՝ «Հայաստանն արտաքին պարտքի առումով ռիսկային գոտում չէ։ Սակայն, արձագանքելով տարածաշրջանային մարտահրավերներին և տնտեսության վրա դրանց բացասական ազդեցությանը, վերջին տարիներին Հայաստանն ավելի ագրեսիվ կերպով է պարտքեր կուտակել»։