Արամ Մանուկյանի փոխանցմամբ՝ Հայ ազգային կոնգրեսն այս պահին հանրահավաքներ չի անցկացնի, բայց կշարունակի Ընտրական օրենսգրքի նախագծի բարեփոխմանն ուղղված ջանքերը:
«Էս պահին մենք միտինգ չենք անի: Սահմանում լարված իրավիճակի հետ կապված՝ անգամ այս պահին մենք դրա մասին չենք մտածում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա հավելեց, որ և՛ Վենետիկի հանձնաժողովին, և՚ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կներկայացնեն քննարկման արդյունքները, կկազմակերպեն միջազգային կոնֆերանս, որին կհրավիրվեն նաև Հայաստանում Եվրամիության երկրների դեսպանները:
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերջին քննարկումն անցկացվեց անցած ուրբաթ՝ ապրիլի 15-ին: Դրանից հետո հայտարարվեց հանդիպումները դադարեցնելու մասին:
Ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անունից Արամ Մանուկյանը ասաց, որ այս պահին բանակցությունները համարում են ձախողված, բայց պատրաստ են լսել իշխանության կառուցողական առաջարկները․ - «Այս պահին որևէ հուսադրող բան, որևէ նորություն, որ ես կարող եմ ձեզ հայտնել, չկա»:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի խոսքով, իշխանությունը չի համաձայնում հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, որովհետև դա ընտրախախտումների հիմնական գործիքներից մեկն է: Մյուսը, Այվազյանի կարծիքով, տարածքային ցուցակներով քվեարկության ներմուծումն է․ - «Քրեական հանցագործները, թաղային հեղինակությունները, մարզային հանցագործ իշխանությունները իրենց բոլոր վարչական, ֆինանսական ռեսուրսները ներդնելու են և ընտրակաշառքների, բռնությունների, ճնշումների միջոցով կարողանալու են ներազդել ընտրողների վրա և նրանց կամքի արտահայտության վրա: Դրա վառ ապացույցն էր երկու օր առաջ կայացած, մասնավորապես, Թալինի և Հրազդանի ընտրությունները: Այսինքն, այդ գործընթացը «բարեհաջող» կերպով շարունակվելու է, և հաջորդ պառլամենտական ընտրություններում մենք ունենալու ենք այն մեծածավալ՝ ամբողջ Հայաստանի տարածքում»:
«Հինգ կետի մեջ երեքից խուսափել են», - հայտարարեց Արամ Մանուկյանը՝ շարունակելով․ - «Իրենք ասում են՝ գնացեք, ինչ ուզում եք, արեք, անգամ մենք ֆինանսավորում ենք, բայց տեր չենք կանգնում այդ փաստերին: Մեկը նկարահանման հետ կապված, ինտերնետ տալու մասին խոսքերն են, ցուցակները մաքրելու հարցն է․ ասում են՝ գնացեք, մաքրեք: Դու արագ ցուցակները մաքրի, բայց ես ցուցակը չեմ մաքրում և չեմ տալիս պետական բազան Հայաստանից բացակաների վերաբերյալ: Եվ ցուցակների հրապարակումը․ ասում է՝ նախորդ օրվա մասնակցածների ցուցակները դու գնա, վերցրու, ես տալիս եմ համարները, բայց ազգանունները չեմ տալիս, ստորագրությունները չեմ տալիս, լուսանկարահանումը չեմ տալիս: Ընդ որում, մատի թանաքոտումը մենք ինքներս, որպես զիջողություն, հանեցինք»:
Հովհաննես Սահակյանն այսօր բերել էր ընդդիմադիրների համար սկզբունքային առաջարկների պատասխանը․ - «Հստակ նշել ենք, պարզ հայերենով շարադրված մեր նախապայմանը՝ ինչի դեպքում ինչն է հնարավոր, ինչի դեպքում ինչը հնարավոր չէ, և ձեր որ առաջարկի փոխարեն ինչ ենք առաջարկում»:
Ի պատասխան Մանուկյանն ասաց․ - «Նոր հինգ կետ ենք ներկայացրել, որտեղ, որպես փոխզիջումային տարբերակ, մատների թանաքոտումը հանել ենք: Ձեր էս թուղթը հին է»:
«Մենք չենք ելնում այն տեսանկյունից, որ դուք հանել եք թե չեք հանել, պատասխանենք թե չպատասխանենք: Եթե կա խնդիր հանրության մոտ, փորձել ենք թղթին հանձնել, որպեսզի չխոսենք ու չանցնենք, գնանք առաջ», - հակադարձեց Սահակյանը:
Մանուկյանը ցանկացավ հստակեցնել․ - «Մենք վերջին հինգ կետը՝ մեր իսկ կետերից, բոլոր զիջումները արած, ձեզ ներկայացրինք»:
«Քննարկումների արդյունքում ձևավորված ձեր հինգ կետերից, ես ներողություն եմ խնդրում, գոնե այս պահին տեղյակ չեմ: Այս փաստաթուղթը քննարկել ենք պարոն [Դավիթ] Հարությունյանի հետ, ձևավորել ենք պատասխանները», - ասաց Սահակյանը:
Հարցին, թե հնարավոր է, որ ընդդիմության ու քաղհասարակության ներկայացրած առաջարկների վերջին տարբերակի հետ կապված փոխվի իշխանությունների արձագանքը, Սահակյանն արձագանքեց․ - «Եթե պարոն Մանուկյանը տրամադրի վերջին այդ տարբերակը, կամ ես կփորձեմ իմ գործընկերներից տեղեկանալ, կքննարկենք»:
Արամ Մանուկյանի խոսքով, դեռ չեն կողմնորոշվել Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկության հարցում՝ հուսալով, որ իշխանությունը կգնա զիջումների: Քննարկումները, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն առաջիկա երկուշաբթի:
«Իշխանությունը մի անգամ էլ փակ, գաղտնի ձևով նախագիծը ներկայացրել է Վենետիկին: Երկրորդ անգամ: Չգիտեմ ինչ են ներկայացրել, բայց գիտենք, որ ներկայացրել եմ մի անգամ էլ», - ասաց Արամ Մանուկյանը: