Մատչելիության հղումներ

Դիտորդները խախտումներ են արձանագրել երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում


«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ հերթական անգամ Հայաստանում հնարավոր չեղավ անցկացնել թափանցիկ և օրինական ընտրություններ․

Դիտոդական առաքելություն իրականցնող կազմակերպությունները երկու տասնյակից ավելի խախտումներ են արձանագրել երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ հերթական անգամ Հայաստանում հնարավոր չեղավ անցկացնել թափանցիկ և օրինական ընտրություններ․ - «Խախտումների փունջը ցույց է տալիս, որ ընտրությունները չեն անցել թափանցիկ և օրենքի տառին համապատասխան: Ապրիլյան դեպքերը ցույց են տվել, որ մենք խնդիրներ ունենք, որ այդ խնդիրները պետք է լուծել: Մտածում ենք, որ հնարավոր է իշխանությունը որոշակի դասեր է քաղել՝ մտածելով, որ կարելի է գնալ ինչ-որ բարեփոխումների գոնե այդ ոլորտում: Բայց սա ցույց տվեց, որ ոչ․ իրենք փորձում են շարունակել նույն պրակտիկան, աշխատել նույն ոճով»:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը, «Իրավունքի Եվրոպա»-ն, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբն ու Հելսինկյանի քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Քաղաքացի դիտորդ»-ի նախաձեռնությամբ միասնական դիտորդական առաքելություն են իրականացրել երեք մարզերում՝ Արագածոտնում, Լոռիում և Կոտայքում: Նրանք հայտարարում են, որ առավել հաճախ արձանագրված խախտումները վերաբերում են ընտրատեղամասում կողմնակի (չլիազորված, վկայական չունեցող) անձանց ներկայությանը և ընտրացուցակների անճշտություններին:

Դիտորդները որոշ ընտրատեղամասերում նկատել են 15 հոգուց ավելի մարդկանց կուտակումներ, բազմակի քվեարկություն կամ դրա փորձ, ընտրողների խմբերի փոխադրում:

Առավել մեծ թվով ահազանգեր, ըստ Գրիգորյանի, արձանագրվել են Թալինում․ - «Դեռ շարունակում են գործել․․․ օրինակ, տատիկն ու իր թոռը միասին գալիս են ընտրատեղամաս, տատիկի փոխարեն քվեարկում է թոռնիկը․․․ Հետո քվեախցիկում թերթիկ է հայտնաբերվում․․․ Ու այսպիսի բազմաթիվ քայլեր, որոնք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ կամք չի դրսևորում իշխանությունը՝ գնալու բարեփոխումների և ընտրական համակարգը փոփոխելու»:

ՏԻՄ ընտրությունների ընթացքին հետևել է 114 դիտորդ: Նրանցից «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ այս ընտրություններում խախտումների մեծ մասը տեղի ունեցել ընտրատեղամասերից դուրս․ ներսում հնարավոր է եղել կանխել դրանց մի մասը:

«Մենք պետք է կարողանանք ավելի լավ մեխանիզմներ մշակել ընտրակաշառքների կանխման և ընտրակաշառքների ազդեցության նվազեցման ուղղությամբ, քանի որ երեկ մենք ականատես եղանք, որ ուղղակի համատարած բաժանված ընտրակաշռքը վերջում բերեց այն արդյունքին, որը մենք տեսանք: Անգամ ընտրակաշառքի վերաբերյալ փաստերի հավաքագրումը քիչ է, որովհետև դու կարող ես հավաքագրել մեկ, հինգ, տասը, թեկուզ հարյուր ապացույց ընտրակաշառքի վերաբերյալ, բայց ընտրական հանձնաժողովները կարող են ասել, որ այդ հարյուրը չի ազդել ընդհանուր պատկերի վրա», - ասաց Իոաննիսյանը:

Դիտորդները ընդգծում են, որ կրկին խախտվել է լրատվամիջոցների և դիտորդական առքելություն իրականցնող կազմակերպությունների աշխատանքի իրավունքը:

Հիշեցնելով սահմանադրական հանրաքվեի ժամանակ արձանագրված խախտումներն ու դրանց հանգուցալուծումները՝ Իոաննիսյանը ասաց․ - «Ընտակեղծարարները ծնվում են անպատժելիության մթնոլորտում: Բոլորը կա՛մ տուգանվում էին, կա՛մ պայմանական ազատազրկվում էին, ոչ մեկը ճաղերը հետևում չհայտնվեց: Ընտրակեղծարարը գիտի, որ ինքը մնալու է անպատիժ, որ ինքը ինչ էլ անի, չի հայտնվելու ճաղերի հետևում»:

Դիտորդները, այդուհանդերձ պնդում են, որ հետամուտ են լինելու, որ իրավապահ մարմինները աչք չփակեն այս ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վրա: Որոշ դեպքերի առնչությամբ արդեն հաղորդումներ են ներկայացրել ոստիկանություն:

Այսօր ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունների հետ կապված քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման, ընտրական գործընթացի խոչընդոտման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և քաղաքացիների ահազանգերը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ըստ ենթակայության՝ (9-ը՝ ՀՀ ՀՔԾ, 6-ը՝ ՀՀ ՔԿ, 9-ը՝ ՀՀ Ոստիկանություն) նյութեր նախապատրաստելու և ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:

XS
SM
MD
LG