Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում գիշերը փոքր-ինչ լարված է եղել։
Պաշտպանության բանակի հաղորդմամբ, այսօր ժամը 9:50-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, 1996 թվականին ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ըստ Ղարաբաղի ռազմական գերատեսչության, ապրիլի լույս 19-ի գիշերը հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ: Հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ):
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղ ժամանեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով Ստեփանակերտում մի շարք հանդիպումներ ունեցավ, իսկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ խորհրդակցություն անցկացրեց Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ:
Հայաստանի նախագահը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և պարգևատրել ապրիլի 2-ից 5-ը ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս արիություն ցուցաբերած զինվորներին։
Դիմելով զինվորներին և սպաներին՝ Հայաստանի նախագահը, մասնավորապես, ասել է․ - «Դուք հերթական անգամ ցույց տվեցիք բոլորին, թե ով է հայ զինվորը, ով է Հայրենիքի զինվորը: Երբ անհրաժեշտ է կռվել, դուք դառնում եք ամենակարգապահ, ամենահնարամիտ և ամենամարտունակ զինվորը: Տարիներ առաջ ես ասել եմ, որ եթե մենք պարտադրված լինենք պատերազմել, ապա այսօրվա զինվորն ու սպան կռվելու են ոչ պակաս քաջ, քան իրենց հայրերը, իրենց պապերը, իրենց ավագ ընկերները: Դուք ապացուցեցիք, որ շատ ավելի մարտունակ եք, շատ ավելի քաջ եք, շատ ավելի տոկուն եք»:
«Զինվորը հակառակորդին բան չունի ասելու. զինվորը հակառակորդին իր ասելիքն ասում է մարտի դաշտում, և փա՛ռք ձեզ, ի դեմս ձեզ՝ մեր բոլոր սպաներին ու զինվորներին, ովքեր կարողացան իրենց ասելիքն ասել: Այդ դաժան օրերին որևէ հայ զինվոր ու սպա չի լքել իր մարտական դիրքը, նվիրումով կռվել է մինչև վերջ», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«Փա՛ռք մեր բոլոր զինվորներին և սպաներին, ովքեր ընկան այս օրերի ընթացքում ու նաև փա՛ռք նրանց, ովքեր այս 25 տարիների ընթացքում ընկել են մեր ազատության, մեր անկախության համար», - ասել է Հայաստանի նախագահը:
«Մեզ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի կյանքը, իսկ Ադրբեջանում իրենց քաղաքական նկրտումներին հագուրդ տալու համար պատրաստ են մահվան բերան ուղարկել հարյուրավոր, հազարավոր զինվորների: Նրանք իրենց զինվորներին այլ բան են սովորեցնում, նրանք հպարտանում են, երբ իրենց զինվորները սպանված հակառակորդի, այսինքն` մեր զինվորների ու սպաների, ականջներն են կտրում, նրանք դա նորմալ են համարում, երբ իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումների անդամները, լեզուս չի պտտվում զինվոր ասելու, կտրում են 90 տարեկան սպանված ծեր մարդկանց ականջները», - ընդգծել է Սերժ Սարգսյանը և շարունակել․ - «Դա ահաբեկիչներին հատուկ գործելաոճ է, իսկ ահաբեկիչ բառի հիմքում կա նաև ահաբեկել բառը, այսինքն` նրանք ուզում են մեզ ահաբեկել, ուզում են մեզ վախեցնել, ինչը, բնական է, նրանց չի հաջողվի: Մենք մի բանից ենք միայն վախենում՝ ապրել պատվազուրկ և անազատ: Մենք դա չենք կարող անել»:
Նախագահները նաև այցելել են Ղարաբաղի զինվորական հոսպիտալ և ծանոթացել վիրավորների առողջական վիճակին։ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն իրենց երախտագիտություն են հայտնել Պաշտպանության բանակի զինվորներին և նրանց մաղթել շուտափույթ ապաքինում։
Սերժ Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղ շարունակվում է։
Սիսակ Գաբրիելյան, Ստեփանակերտից