Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին ձերբակալվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, հայտնաբերվել ավտոմեքենան:
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի այսօր տարածած հաղորդագրությունում ասված է․ -«2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։ Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը կասկածյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս: Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ»:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Քննության արդյունքների մասին Քննչական կոմիտեն կտեղեկացնի լրացուցիչ: