Եվրախորհրդարանում հնչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչ

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ելույթ է ունենում Եվրախորհրդարանում, արխիվ

Երեկ ուշ երեկոյան Եվրախորհրդարանի շուրջ երկու տասնյակ պատգամավորներ հանդես եկան ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություններով:

Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որի ժամանակ քննարկվում էր նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց. - «Մենք մեծացնում ենք մեր ջանքերը հակամարտության կարգավորման նպատակով»: Ըստ Մոգերինիի, հակամարտությունը շարունակում է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային անվտանգությանը:

«Հարավային Կովկասը կարևոր տարածք է Եվրոպայի համար», - նշեց Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Ընդգծելով, որ հրադադարի խախտման ծավալները աննախադեպ են 1994 թվականից հետո, Ֆեդերիկա Մոգերինին նաև ուշադրություն հրավիրեց պաշտոնական Երևանի և Բաքվի հայտարարությունների վրա, ապա գնահատեց. - «Մենք ունենք լուրջ վտանգներ, եթե իրավիճակն անհապաղ չհանդարտվի»:

Մոգերինին հիշեցրեց, որ ապրիլի 2-ից սրված իրավիճակի կապակցությամբ կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ապա ավելացրեց, որ առաջիկայում կշարունակի նրանց հետ քննարկել իրավիճակը: «Մեր ներկայացուցիչը տարածաշրջան է այցելում այս շաբաթ», - փոխանցեց Եվրամիության բարձր ներկայացուցիչը:

Մոգերինին Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչներին դիմեց Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ շփումների միջոցով խնդրի կարգավորմանն աջակցելու խնդրանքով և վերահաստատեց. - «Ավելի քան պարզ է՝ հակամարտությունը չունի ռազմական լուծում»:

Ընդգծելով, որ Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, Ֆեդերիկա Մոգերինին գնահատեց․ - «Այսօր այս աշխատանքը կարևոր է քան երբևէ»:

Եվրոպական խորհրդարանում հնչեցին նաև Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ գնահատականներ:

Միացյալ Թագավորությունից Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Չարլզ Թանոքի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ռուսական զենքը, «ինչպես՝ «Սմերչ»-ը, հրթիռային կայանքները, ցույց է տալիս, որ կրկին գործում է Պուտինի քաղաքականությունը»: Նա նաև ուշադրություն հրավիրեց նավթի գների անկման վրա, ընդգծելով, որ ռազմական դիվերսիա իրականացնելով՝ Ալիևը փորձում է շեղել ադրբեջանական հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից:

Ռումինացի պատգամավոր Քրիստիան դան Փրեդան ընդգծեց, որ Ռուսաստանը հետխորհրդային երկրներում շարունակում է դրսևորել իր հետաքրքրությունները՝ սառեցված հակամարտությունների միջոցով: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի դեպքում Ռուսաստանը խաղում է երկու երեսով՝ մեկով հանդես է գալիս որպես Հայաստանի դաշնակից, մյուսով՝ զենք վաճառում Ադրբեջանին ևս:

Լիտվացի Պետրաս Աստրևիչյուսը Ռուսաստանի դերակատարությունն ընդգծեց հակամարտության երկու կողմերում զենքերի համալրմանն անդրադառնալով: «Արյունոտ փող, միլիարդավոր դոլարներ են լցվում Ռուսաստանի բյուջե», - նշեց Աստրևիչյուսը և մեջբերեց Ռուսաստանի փոխվարչապետ Ռոգոզինի վերջերս հնչեցրած հայտարարությունները, թե Մոսկվան զենքի մատակարարումն իրականացնում է ըստ պայմանագրերի, և երկու երկրները Ռուսաստանի «ռազմավարական գործընկերներն են»: Ապա պատգամավորը հարցադրում հնչեցրեց՝ «ի՞նչ է անում Եվրամիությունը այսպես կոչված սառեցված հակամարտության հարցում տարածաշրջանում Ռուսաստանի ապակառուցողական գերիշխանությանը վերջ դնելու համար»: Նա Եվրամիությանը կոչ արեց ստանձնել «հիմնական միջնորդի և բանակցողի դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման նպատակով»: «Եկեք ապացուցենք՝ Արևելյան գործընկերության նպատակն է աջակցել խաղաղությանը և կայունությանը», - հայտարարեց լիտվացի խորհրդարանականը:

Չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան կարևոր համարեց շփման գծում համապատասխան սարքավորումների միջոցով ԵԱՀԿ-ի մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ առաջարկները, որոնք մերժում է Ադրբեջանը և ընդունում է Հայաստանը:

Լյուքսեմբուրգից ընտրված պատգամավոր Ֆրանկ Ինգիլը գնահատեց. - «Այսօր Ադրբեջանը մնում է ագրեսոր, ինչպես որ ագրեսոր էր 24 տարի առաջ»:

Լյուքսեմբուրգցի խորհրդարանականը Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր փոխզիջումների հարցի մասին խոսեց՝ հիշատակելով Բաքվում ազգային հերոսի դափնիների արժանացած Ռամիլ Սաֆարովին, որին Ինգիլը որակեց դաժան մարդասպան:

Ըստ պատգամավորի, միակ բանը, որը պետք է տեղի ունենա առկա իրավիճակում, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է:

Ֆինլանդիայից ընտրված պատգամավոր Հեյտի Հաուտալան հրադադարի ռեժիմի խախտումները բացառելու միակ ճանապարհը համարեց զենքի մատակարարման դադարեցումը և ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի տեղակայումը, ծանր տեխնիկայի հետքաշումը շփման գծից 15-30 կիլոմետր հեռու: Ըստ ֆինլանդացի պատգամավորի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մյուս սառեցված հակամարտություններից տարբերվում է նրանով, որ երկու կողմերն ընդունում են «գրավյալ տարածքների» վերաբերյալ պնդումները: Նա պարզաբանեց, որ խոսում է 7 շրջանների մասին, ապա հայտարարեց. - «Հայաստանը, հետևաբար, պետք է Ադրբեջանին վերադարձնի գրավյալ տարածքների մեծ մասը: Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությունը պետք է վերսկսի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ»:

Ֆրանսիայում ընտրված պատգամավոր Ժան-Լյուկ Շաֆհաուզերն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության հանգամանքը, հիշեցրեց Ստալինի դերակատարությունը Ղարաբաղի խնդրում: Ֆրանսիացի պատգամավորը կարևոր համարեց մատնանշել նաև «ահաբեկչությունը հովանավորող» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Ռուսաստանի առնչությունը այս հիմնախնդրին: