Քաղաքական դաշտը հիմնականում դրական է գնահատում Տեր-Պետրոսյան - Սարգսյան հանդիպումը

«Ազատությունը» զրուցել է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ղեկավար ներկայացուցիչների հետ:

Դաշնակցական Արմեն Ռուստամյանի կարծիքով ներկա ու նախկին նախագահների հանդիպումը պարտադրեց ժողովուրդը՝ ինքնաբուխ համախմբմամբ․ - «Ուղղակի աբսուրդ է, որ որևէ մեկը փորձի ինչ-որ այդ համախմբումից դուրս մնալ»:

Հանդիպումից հետո «Ի Լուր» կայքին տված հարցազրույցում առաջին նախագահն ասել էր․ - «Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու և նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ, որտեղ․․. Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա՝ ունենալով իր ժողովրդի աջակցությունը»։

Ռուստամյանը համաձայն է Տեր-Պետրոսյանի հետ՝ տարաձայնությունների ժամանակը չէ․ - «Ասվում է՝ երբ թնդանոթները զրնգում են, մուսաները լռում են»:

Տեր-Պետրոսյանի հարցազրույցի վերջին միտքը ֆեյսբուքյան գրառման մեջ մտահոգիչ և անընդունելի է համարում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա գրել է․ - «Հարգարժան պարոն նախագահը բոլորից լավ պետք է իմանա, որ նախ՝ այդ բանակցությունները կարող են ամիսներ և նույնիսկ տարիներ տևել: Եվ երկրորդ՝ ապրիլյան քառօրյա պատերազմը եկավ հերքելու այն կեղծ թեզը, որ արժանավայել պետություն կառուցելու մեր պահանջատիրությունը, մեր քաղաքական այլախոհությունը կարող են վտանգել մեր անվտանգությունն ու պետականությունը։ Նախկինում ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է սխալների ու բացթողումների համար իշխանություններից հաշիվ պահանջենք»:

Բանակցություններում, ըստ Օսկանյանի, իրեն վստահ կարող է զգալ միայն այն երկրի ղեկավարը, ով ներքուստ գիտի, որ ընտրվել է ժողովրդի ազատ կամքով:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, թե քաղաքական ուժերն այս ընթացքում պետք է հրաժարվեն իրենց սկզբունքներից: Տեսակետներ, նրա խոսքով, կարելի է հայտնել, բայց՝ «ադեկվատ բառապաշարով»․ - «Այստեղ ես համաձայն եմ Ալեքսանդր Արզումանյանի հետ․ երբ մենք գնացինք նախագահի հետ հանդիպման՝ Սահմանադրական փոփոխությունները քննարկելու, կապ չունի՝ ով էր դեմ, ով էր կողմ, դուք հիշո՞ւմ եք ինչպիսի հիստերիա բարձրացվեց հայաստանյան մամուլում․․․ Դա նորմալ չի: Դու կարող ես քո ամենաարմատական օպոնենտի հետ հանդիպել, կարող ես քննարկել, և կարող եք երկուսդ էլ մնալ ձեր տեսակետներին, ձեր կարծիքներում փոփոխություն չլինի: Դա է նորմալ քաղաքական մշակույթը: Այնպես որ, մեր քաղաքական մշակույթի համար էր այդ հանդիպումը արտառոց: Դա, ես կարծում եմ, նորմալ է նորմալ երկրների համար: Եվ ես իսկապես շատ ողջունում եմ այդ հանդիպումը»:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հատկապես հավանել է այդ հանդիպումից հետո Տեր-Պետրոսյանի հարցազրույցում կարդացած հետևյալ միտքը․ - «Ես կարծում եմ, այս վերջին իրադարձություններից հետո շատ ճիշտ միտք է ասել, որ պիտի այնպես լինի, որ նախագահին ամբողջ ժողովուրդը աջակցի»:

Սահակյանը, սակայն, չի ողջունում հարցազրույցում արտահայտված մեկ այլ տեսակետ, թե «Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախումբը պարտավոր է որոշակի դրական քայլեր կատարել, դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, իրական պայքար մղել կոռուպցիայի, իրավապահ մարմինների կամայականությունների, մենաշնորհների սանձարձակության, ընտրակեղծարարության, պետական պաշտոնյաների ամբարտավանության դեմ»:

«Այսօր դա չի կարևոր: Կարևորը այն է, որ այս թնջուկից կարողանանք դուրս գալ», - ասաց խորհրդարանի խոսնակը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ Tert.am-ի, չի ծրագրում նախաձեռնել Սերժ Սարգսյանի հետ հանդիպում՝ ավելի շատ կարևորելով «բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը»:

Արմեն Ռուստամյանը, այդուհանդերձ, Քոչարյանին դուրս չի դնում համախմբումից․ - «Պարտադիր չէ, որ բոլորը նույն ձևի համախմբվեն: Ես չեմ կարծում, որ Քոչարյանը դուրս է այս համախմբումից։ Ընդհակառակը՝ նա միշտ եղել է նվիրված Ղարաբաղի հարցին, և այդ առումով ես կասկածանք չունեմ: Բոլորը միատեսակ ձևով չպիտի արձանագրեն իրենց միասնական լինելը»:

Ֆեյսբուքյան գրառմամբ Վարդան Օսկանյանը հակադարձել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե «Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից»։

Երկրորդ նախագահի կառավարման տարիներին արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Օսկանյանը գրել է․ - «Եթե անպայմանորեն պնդում ենք, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից, որովհետև չի մասնակցում Մինսկի խմբի ձևաչափով հանդիպումներին, ապա պետք է արձանագրել, որ դա տեղի է ունեցել 1997 թվականի ապրիլին Մոսկվայում, երբ հակամարտության կողմերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, վերջին անգամ հանդիպեցին այդ ձևաչափով»:

Նախագահ Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, հրաժարական է տվել 1998-ին։