Մատչելիության հղումներ

Օսկանյան. Հնարավորինս շուտ պետք է սխալների ու բացթողումների համար իշխանություններից հաշիվ պահանջենք


Վարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան

Նախկին արտգործնախարարն արձագանքում է Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին։

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում այսօր անդրադարձել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին։

Օսկանյանը հատկապես արձագանքել է հարցազրույցում տեղ գտած Հայաստանի այսօրվա ներքաղաքական իրավիճակի և իր նախարարության շրջանի արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ մտքերի և մեղադրանքների:

«Նախ նշեմ 1998-2008 թվականների Հայաստանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում միայն հնարավոր է եղել արտաքին քաղաքականության օրակարգ ներառել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և հասնել տասնհինգ նոր երկրների կողմից այդ փաստի ընդունմանը՝ միաժամանակ կարողանալով պահպանել Թուրքիայի հետ բոլոր տեսակի դիվանագիտական շփումները:

Երկրորդ՝ հնարավոր է եղել ապացուցել աշխարհին և հայաստանյան հոռետեսներին, որ հակառակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակմանը՝ կարելի է տարիներ շարունակ ունենալ երկնիշ տնտեսական աճ, ներգաղթ, իսկ ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առաջին անգամ հասնել բանակցային փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրմանը:

Երրորդ՝ հնարավոր է եղել տասը տարի շարունակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ողջ սահմանի երկայնքով պահպանել, թեկուզ և փխրուն, խաղաղությունը և խուսափել մեծ թվով զոհերից և ավերածություններից: Դա հաջողվել է ոչ միայն ռազմական հավասարակշռության պահպանման, այլև արդյունավետ, թեկուզև դժվար, դիվանագիտական աշխատանքի, տնտեսական աճի և քաղաքական կայունության շնորհիվ», - գրել է Օսկանյանը:

Այնուհետև նախկին արտգործնախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելու, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկությունն ընդունելու և Մադրիդյան փաստաթղթի երևան գալու՝ առաջին նախագահի մեղադրանքներին:

«Եթե անպայմանորեն պնդում ենք, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից, որովհետև չի մասնակցում Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններին, ապա պետք է արձանագրել, որ դա տեղի է ունեցել 1997 թվականի ապրիլին՝ Մոսկվայում, երբ հակամարտության կողմերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, վերջին անգամ հանդիպեցին այդ ձևաչափով: Այդ հանդիպմանը Ադրբեջանի պատվիրակությունը, ոգևորված 1996 թվականի դեկտեմբերին Լիսաբոնի գագաթաժողովում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունից, նոր պայմաններ փորձեց պարտադրել բանակցային փաստաթղթում: Հայաստանի պատվիրակությունը, որ գլխավորում էի ես, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, մերժեցինք առաջարկվածը: Դրանով ավարտվեց ոչ միայն այդ օրվա հանդիպումը, այլև Ադրբեջանի համառության պատճառով դադարեցին այդ ձևաչափով հանդիպումներն ընդհանրապես: 1998 թվականի ապրիլին ես նշանակվեցի արտաքին գործերի նախարար, Լեռնային Ղարաբաղն այդ առումով արդեն մոտ մեկ տարի էր, ինչ նման ձևաչափով չէր մասնակցում բանակցություններին: Այդ մեկ տարվա ընթացքում՝ բանակցությունների ձևաչափի չեղարկումից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով շարունակվել են հանդիպումները, և նախագահ Տեր-Պետրոսյանն առնվազն չորս անգամ հանդիպել է Ադրբեջանի նախագահին. մարտի 28-ին՝ Մոսկվայում՝ Ելցինի միջնորդությամբ, ապրիլի 28-ին՝ Ստամբուլում՝ Դեմիրելի միջնորդությամբ, հոկտեմբերի 10-ին՝ Ստրասբուրգում, հոկտեմբերի 23-ին՝ Քիշնևում», - գրել է Օսկանյանը:

Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցն ուսումնասիրող հանձնաժողովին, այստեղ, ըստ նախկին արտգործնախարարի, ամեն ինչ շատ ավելի պարզ է և տեսանելի: «Եղել է Էրդողանի նամակը Քոչարյանին՝ նման հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ, և եղել է Քոչարյանի խիստ մերժողական պատասխանը: Երկու նամակներն էլ հայկական մամուլում հրապարակվել են: Ի դեպ, թուրք պաշտոնյաները ակնհայտ պատճառներով պնդում են, թե Քոչարյանը պատասխան չի տվել իրենց», - գրել է Օսկանյանը:

Անդրադառնալով Մադրիդյան փաստաթղթին՝ նա նշել է, որ Հայաստանը դա ընունել է վերապահումներով և միայն որպես բանակցությունների հիմք: «Բնական է՝ հետագայում բանակցությունների ընթացքում պետք է պայքարեր փաստաթուղթը առավել ընդունելի դարձնելու համար: Բայց այդ փաստաթուղթը, ինչպես որ ներկայացվել էր կողմերին, հայկական կողմի համար առավել շահեկան լինելու առումով պարզապես համեմատության եզրեր չունի անկախությունից ի վեր բանակցությունների սեղանին դրված որևէ այլ առաջարկության հետ», - ասել է Օսկանյանը:

Նրա խոսքով, առայսօր վեց տարբեր փաստաթղթեր են հայտնվել բանակցությունների սեղանին՝ հակամարտության հետևանքները վերացնելու՝ ռուսական առաջարկությունը, Մինսկի խմբի համանախագահողների 1997 թվականի փաթեթային և փուլային առաջարկները, Պրիմակովի ընդհանուր պետության առաջարկը, Քի Վեստի փաստաթուղթը և վերջապես՝ Մադրիդյանը:

Այս բոլոր փաստաթղթերը, Օսկանյանի պնդմամբ, տարբեր ժամանակներում, մասնակի կամ ամբողջությամբ, հրապարակվել են հայկական մամուլում: «Կարող եք ինքներդ կարդալ, համեմատել և անել սեփական եզրահանգումները», - գրել է նախկին արտգործնախարարը:

Օսկանյանը նշել է, որ հարցազրույցում իր համար առավել մտահոգիչ և անընդունելի է Լևոն Տեր-Պետրոսյանի այն միտքը, թե «հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու և նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ»։

«Ես ենթադրում եմ, որ այստեղ խոսքը վերաբերում է իշխանությունների՝ առհասարակ անցած ութ տարիների սխալներին և բացթողումներին։ Բայց հարգարժան պարոն նախագահը բոլորից լավ պետք է իմանա, որ նախ՝ այդ բանակցությունները կարող են ամիսներ և նույնիսկ տարիներ տևել: Եվ երկրորդ՝ ապրիլյան քառօրյա պատերազմը եկավ հերքելու այն կեղծ թեզը, որ արժանավայել պետություն կառուցելու մեր պահանջատիրությունը, մեր քաղաքական այլախոհությունը կարող են վտանգել մեր անվտանգությունն ու պետականությունը», - գրել է Օսկանյանը՝ հավելելով. - «Տարիներ շարունակ փոխանակ ղարաբաղյան հաղթանակները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիվանագիտական ամրագրումը լինեին հավատի, հույսի ու խանդավառության աղբյուրը և երկրի առաջընթացի ու զարգացման հիմնական խթանը, Ադրբեջանի հոխորտանքները, սահմանային ոտնձգությունները և պատերազմի սպառնալիքները դարձել են մեզ կաշկանդելու, հաճախ մարդու իրավունքների, արդարության ու քաղաքական ազատությունների ասպարեզում մեր անգործությունն արդարացնելու և հետևաբար՝ երկրի առաջընթացն ու ժողովրդավարացումը խանգարող գործոններ»:

«Մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է սխալների ու բացթողումների համար իշխանություններից հաշիվ պահանջենք։ Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է գնանք քաղաքական արմատական բարեփոխումների, ամրապնդենք ժողովրդավարությունը և ստեղծենք ամուր պետություն: Մենք հնարավորինս շուտ պետք է վերջ տանք նյութական մսխումներին, չարաշահումներին և հանրային միջոցներն ուղղենք պետության զարգացմանն ու բանակի արդիականացմանը։ Մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է ազատ, արդար, մրցունակ և գրավիչ տնտեսություն ստեղծենք», - Ֆեյսբուքում գրել է նախկին արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG