Բանակցությունների պահին Ստեփանակերտ ԱԹՍ ուղարկելը «ողջամիտ բացատրություն չունի»

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Երեկ ուշ երեկոյան Լեռնային Ղարաբաղի նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցությունների ընթացքում, ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, Ստեփանակերտի մատույցներում ոչնչացվել է անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):

«Նման իրավիճակում ուղարկել անօդաչու թռչող սարք մայրաքաղաք Ստեփանակերտ, և այդ սարքը, երբ որ արդեն խփվել է, այդ ձայները, որը լսել են նաև համանախագահները, սա նորմալ, ողջամիտ բացատրություն պարզապես չունի», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Բաբայանը՝ փոխանցելով նաև համանախագահների զարմանքն ու տարակուսանքը․ - «Ուղղակի չէին իմանում, թե ինչ ասեն նույնիսկ»: Բանակցությունները, այդուհանդերձ, շարունակվել են:

Նա նշեց, որ առայժմ չի կարող ասել, թե խփված ԱԹՍ-ն «կամիկա՞ձե» է եղել (երբ սարքին ամրացվում է պայթուցիկ), թե՞ պարզապես նկարահանող․ - «Դա պետք է բանակը ասի: Բայց կարելի է միանշանակ մի բան ասել՝ այդ անօդաչու թռչող սարքը ռազմական իր նպատակը չի կարողացել կատարել»:

Անդրադառնալով բանակցություններին՝ Դավիթ Բաբայանը փոխանցեց, որ ղարաբաղյան կողմը համանախագահներին ներկայացրել է իր տեսակետը․ նախագահ Բակո Սահակյանը պնդել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է բանակցությունների կողմ դառնա:

«Ցանկացած քննարկում, ցանկացած որոշում չի կարող կյանքի կոչվել առանց Արցախի Հանրապետության մասնակցության», - հայտարարել է Սահակյանը:

Բանակցությունների ավարտին համանախագահները չեն պատասխանել լրագրողների հարցերին։ Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը միայն նշել է․ - «Վաղն ևեթ մենք մեկնում ենք Երևան: Դրանից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ, կպատասխանենք հարցերին»:

Ստեփանակերտում «Ազատության» անցկացրած հարցախույզը ցույց տվեց, որ մարդիկ խնդրի լուծումը տեսնում են բացառապես բանակցությունների արդյունքում, ուստի Մինսկի խմբի հետ հույսեր կապում են: Անհրաժեշտության դեպքում, սակայն, պատրաստ են զենքով պաշտպանել իրենց շահերը:

«Եթե նույնիսկ Մինսկի խումբը չկարողանա խաղաղ ճանապարհով լուծել, մենք կարող ենք արցախցիներս մեր հարցերը մեր ուժերով լուծել», - ասաց մի երիտասարդ կին՝ շարունակելով․ - «Մեզ ավել տարածքներ, բնականաբար, պետք չեն: Մենք կբավարարվենք նրանով, ինչքան որ ունենք, միայն թե մեր մինչև ապրիլի 1-ի սահմանները գծվի ու մեր ինքնորոշման [հարցը լուծվի], որպեսզի Ադրբեջանը էլ չկարողանա ոտնձգություններ կատարել»:

«Հավատում եմ, որ խաղաղությամբ է լուծվելու այս հարցը», - նշեց մեկ այլ ստեփանակերտցի կին: - «Որովհետև այլ կերպ չի կարող լինել, որովհետև մենք ուրիշ գնալու տեղ չունենք․ սա մեր հողն ա, մեր ջուրն ա»: