Մատչելիության հղումներ

Իգոր Պոպով․ Դեռ վաղ է գնահատական տալ կատարվածին


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը Երևանում, արխիվ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը Երևանում, արխիվ:

«Ընդհանուր կարծիքն այն է, որ չի կարելի թույլ տալ նման միջադեպերի կրկնություն», - Բաքվում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում դեսպան Պոպովը նշել է, որ առայժմ է վաղ է գնահատական տալ կատարվածին:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները Բաքու են ժամանել այսօր: Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, համանախագահները ողջունել են կրակի դադարեցման մասին ձեռքբերված պայմանավորվածությունը և կարծիք են հայտնել, որ բանակցությունները պետք է ավելի ինտենսիվ բնույթ կրեն, որպեսզի դրանց արդյունքում հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա:

Հաղորդվում է նաև, որ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովն ու Պիեռ Անդրիոն այսօր կշարունակեն հանդիպումները Բաքվում, իսկ վաղը կմեկնեն Լեռնային Ղարաբաղ: Հայաստանում միջազգային միջնորդները կլինեն ապրիլի 9-ին:

Ղարաբաղյան հարցը Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկելու նպատակով, ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, Բաքու է մեկնում նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Հանդիպումը տեղի կունենա վաղը [ապրիլի 7-ին]՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խաղաղ հուն վերադարձնելու ջանքերի շրջանակում», - հավելել է Զախարովան:

Այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանություն նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, թե «շփման գծում իրավիճակը մնում է լարված, բայց հանդարտ»:

Չնայած երեկ համաձայնեցված հրադադարին՝ Ադրբեջանի իշխանությունները այսօր հայտարարում են, որ «շարունակելու են մեծացնել երկրի ռազմական հզորությունը և վարել Հայաստանի մեկուսացմանն ուղղված քաղաքականությունը»:

Ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլին, սակայն, չի կիսում իշխանությունների այս համոզմունքը: Իր ֆեյսբուքյան էջում Քերիմլին հարցնում է․ - «Հապա ինչո՞ւ չկարողացաք վերադարձնել Ղարաբաղը: Խնդրում եմ, վերջ տալ նման հայտարարություններին: Այլևս լուրջ չի ընդունվելու»:

«Պաշտոնական Բաքուն պետք է փոխի իր հռետորաբանության տոնը և այսուհետ ցույց տա [Ղարաբաղի] հայերին, որ Ադրբեջանի կազմում նրանք կարող են ունենալ չտեսնված բարեկեցիկ կյանք», - տեղական մամուլում կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլին՝ գնահատելով ստեղծված իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Նրա խոսքով, այժմ ադրբեջանական կողմը պետք է կարողանա հայերին համոզել, որ Ադրբեջանի կազմում նրանք կունենան բարձր ինքնավարություն, բարեկեցիկ կյանքով կապրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG