Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը լուրջ մարտահրավերի է բախվել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ուշ երեկոյան Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
Մարտական գործողությունների վերսկսումը, հավանաբար, ամենամասշտաբայինն է վերջին շատ-շատ տարիների ընթացքում, ընդգծել է Լավրովը և շարունակել․ - «Մենք, իրոք, թե՛ նախագահի մակարդակով, թե՛ վարչապետի մակարդակով, մեր նախարարության մակարդակով, թե՛, իհարկե, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի մակարդակով ձեռնարկել ենք անհրաժեշտ ամեն ինչ՝ օգնելու կողմերին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերել: Պատրաստ կլինենք նպաստել նրան, որ այդ պայմանավորվածությունը չխախտվի»:
«Կարևոր է, հանդարտեցնելով իրավիճակը այդ կոնկրետ հարցում, ավելի ակտիվորեն, հուսով եմ՝ մեզ դրան կմղեն վերջին օրերի իրադարձությունները, զբաղվել քաղաքական կարգավորմամբ: Մենք առաջարկներ ունենք, որոնք համանախագահների հետ համատեղ ձգտում ենք ավելի ակտիվորեն գործարկել՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության ձեռքբերման», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: