ՊՆ կենտրոնական հոսպիտալում բուժում են ստանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիրավորված 30 զինծառայողներ

Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Երեկ և այսօր Ղարաբաղից Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ է տեղափոխվել ևս 18 վիրավոր զինծառայող:

Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը այսօր հայտնեց, որ զինծառայողներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, մեկը կոմայի մեջ է: Իսկ մնացած 20-ը միջին ծանր ու բավարար վիճակում են․ - «Տարբեր տեսակի վիրավորումներ են՝ հրազենային, հիմնականում բեկորային»:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ կան նաև Երևանի այլ [քաղաքացիական] հիվանդանոցներ տեղափոխված վիրավոր զինծառայողներ՝ չնշելով, սակայն, նրանց թիվը:

Հոսպիտալի բակն այսօր կրկին մարդաշատ էր: Երեկ կեսգիշերին ուղղաթիռով Ղարաբաղի Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված 20-ամյա ժամկետային զինծառայող Գևորգ Խուդոյանի մայրը որդու տունդարձին սպասում էր 3 ամսից: «Ազատության» հետ զրույցում ասաց, թե որդին գլխուղեղի հրազենային վիրավորում է ստացել:

9 ամսվա զինծառայող Միքայել Սահակյանը ձեռքի ու կրծքավանդակի հրազենային վիրավորումով է լուսաբացին Ջաբրայիլի զորամասից Երևան տեղափոխվել: Հոր խոսքով՝ 19-ամյա որդուն դեռ չեն վիրահատել, սպասում են վիճակի կայունացմանը: Միակ որդու հետ պատահածի լուրը ծնողները հենց նրանից են ստացել, երբ արդեն հոսպիտալում էր:

Երեկ կեսգիշերին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված մեկ այլ ժամկետային զինծառայող էլ մորեղբորն է պատմել է, թե ինչպես է վիրավորվել․ - «8 հոգով 30-ի դեմ պայքարել են․․․ 30-ը վերացել են, զոհվել են»:

Երեկ կոմայից դուրս եկած Հայկ Թորոսյանի ընկերներն արդեն 5 օր է, հերթապահում են հոսպիտալի բակում․ այսօր ուրախ լուր են ստացել ընկերոջ հորից․ գանգուղեղային վիրավորում ստացած զինվորն արտասվել է, երբ հարազատները հայտնել են, որ ընկերները հիվանդանոցի բակից չեն հեռանում: