ԼՂ-ում վիրավորված տասը զինծառայող է բուժվում Երևանի զինվորական հոսպիտալում

Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյան

Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում այս պահին բուժվում է Ղարաբաղի սահմանին վիրավորված տասը զինվոր, որոնք արդեն վիրահատվել են, տեղեկացրեց հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

«Վիճակը գնահատվում է հիմնականում ծանր կայուն, դրական ընթացքով: Ունենք նույնիսկ միջին ծանրության վիճակով գնահատված զինծառայողներ: Վնասվածքները հրազենային են՝ տարբեր բնույթի, մարմնի տարբեր շրջանների վիրավորումներ են»,- ասաց հոսպիտալի տնօրենը:

Տասը հոսպիտալցվածներից միայն երեքն են վերակենդանացման բաժնում, հաղորդեց Ասատուրյանը՝ հավելելով, որ Ղարաբաղից Երևան տեղափոխված ծառայողների շարքում կան և՛ ժամկետայիններ, և՛ պայմանագրայիններ։

Հոսպիտալի ղեկավարն ասաց՝ Երևան են բերել միայն այն վիրավորներին, ում անհրաժեշտ է եղել անհապաղ տեղափոխել։ Այս պահին հայտնի չէ, թե Ղարաբաղի զինվորական հոսպիտալներում քանի զինծառայող է բուժվում։

Երեկ առավոտյան Մարտունու Զորավան գյուղում վիրավորված երկու երեխաների՝ Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը գնահատվում է կայուն։ Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը փոխանցեց, որ երեխաների կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ «Վիճակը կայուն է, արտահայտված դրական դինամիկայով»,- ասաց նա:

Դպրոց գնալու ճանապարհին հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված Վարդանի մայրն ասաց՝ որդին արդեն լավ է․- «Խոսում է, շփվում է, տրամադրությունը լավ է»:

Երկու երեխաներից բացի Ղարաբաղի բժշկական կենտրոններում ստացիոնար բուժում է ստանում ևս չորս խաղաղ բնակիչ, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, կայուն ծանր վիճակում։ Ղարաբաղի առողջապահության փոխնախարար Կարեն Ղուկասյանի հաղորդմամբ՝ չորսն էլ Մարտակերտի շրջանի գյուղերից են։

«Մեծահասակներից մեկը վերին վերջույթից է վիրավորված, մյուս երեքը որովայնի խոռոչից: Վիճակները ստաբիլ ծանր է, բացասական դինամիկա այսօր չի արձանագրվել»,- ասաց փոխնախարարը:

Եվ Ղարաբաղի, և Երևանի բուժօգնության պատասխանատուներն ասացին՝ ոչնչի կարիք չունեն, թեև այսօր Երևանի Արյունաբանական կենտրոնում կամավորների հերթեր էին գոյացել, ովքեր ցանկանում էին արյուն հանձնել վիրավոր զինվորների համար։

Կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանն ասաց՝ արյան կարիք չունեն, ոչ էլ քաղաքացիներին են կոչ արել գալ և դոնոր դառնալ, բայց արյուն հանձնելու չափանիշներին համապատասխանող 18-60 տարեկան կամավորներին ամեն դեպքում չեն մերժում։

«Արյունաբանական կենտրոնը և նրա բոլոր ստորաբաժանումները բավարար պաշարներ ունեն»,- վստահեցրեց Դաղբաշյանը: