Այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Զորավան գյուղում հրետակոծության հետևանքով վիրավորված երկու երեխաների կյանքին վտանգ չի սպառնում:
Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը «Ազատությանը» հայտնեց, որ երեխաներն արդեն վիրահատվել են, նրանց վիճակը կայուն ծանր է:
«Երեխաների մոտ վնասվել են ազդրերը: Մեկի մոտ ոսկրի բազմաբեկորային կոտրվածք է, մյուսի մոտ փափուկ հյուսվաքներն են վնասվել»,- հայտնեց Մարգարյանը:
Ազդրի ոսկրի բազմաբեկորային վնասվածք ստացած 11-ամյա Վարդան Անդրեասյանի մայրը՝ Լուսիկ Անդրեասյանը երեխայի կողքին էր, ասաց, որ տղան արդեն շփվում է հարազատների հետ։
«Խոսում է արդեն, ոչինչ, լավ է, դպրոց գնալու ճանապարհին է եղել»,- պատմեց մայրը:
Վարդանի հասակակից ընկերներից մեկը՝ Գևորգ Գրիգորյանը ևս վիրավոր է և գտնվում է հիվանդանոցում։ Վնասվել են ոտքի փափուկ հյուսվածքները։ Նրա եղբայրը՝ Վաղինակը նույն հրետակոծության պահին զոհվել է։
Երեխաներն էլ շփման գծին մոտ գտնվող Զորավան գյուղից են, բնակիչները փոխանցեցին, թե հրադադարից հետո կրակոցներ հաճախակի էին լսում, բայց վերջին 8 տարիներին գյուղ ռումբեր չէին հասել։
Երկու վիրավոր դպրոցականներից բացի, Ղարաբաղի առողջապահության նախարարության հաղորդմամբ, հիվանդանոց է տեղափոխվել ևս 5 խաղաղ բնակիչ։ Երկուսը Թալիշ գյուղից են, երկուսը՝ Մատաղիսից, մեկը՝ Շահումյանի շրջանից։ Նրանք գտնվում են Ստեփանակերտի հիվանդանոցում: Հաղորդվում է ևս մեկ վիրավորի մասին, ով տեղափոխվել է Քարվաճառի շրջանային հիվանդանոց։ Ընդ որում 5 վիրավորներից մեկը՝ Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանն է, հայրը՝ Սյոմա Ավանեսյանը, վիրահատությունից հետո որդուն դեռ չէր տեսել։
«Առավոտը շուտ ավտոն վառելիքով լցրինք, որ գնա ժողովրդին հանի գյուղից, տանի դպրոցի պադվալը: Երեխաներին հասցրել է ընդեղ, բայց ավտոյին որ խփել են, ինքը վիրավորվել է, ավտոն լրիվ փչացել է»,- պատմեց հայրը:
Ըստ Սյոմա Ավանեսյանի,կեսօրից հետո գյուղում իրավիճակը համեմատաբար հանդարտվել է:
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից «Ազատությանը» փոխանցեցին, որ վիրավորներին վիրահատել են։ Բժիշկների հաղորդմամբ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, բոլորի վիճակը մնում է կայուն ծանր։
Ռմբակոծության ենթարկված Թալիշի գյուղապետ Վիլեն Պողոսյանն ասաց, որ գյուղում վնասված տներ ու շենքեր կան, բայց դրանց մասին դեռ կոնկրետ տեղեկություններ չունեն, մարտերը շարունակվում են։
«Մենք չենք կարողանում գյուղի մեջ, տենանք»,- ասաց գյուղապետը: