Ովքեր կարծում են, որ «մեկ, երկու պայքարից հետո պետք է տուն գնան, ավելի լավ է քաղաքականությամբ չզբաղվեն»

Գարեգին Չուգասզյանը ՔՊ-ի՝ «Նոր Հայաստան»-ի իշխանափոխության ծրագրին չմիանալու մասին։

Ո՞րն է այն կարմիր գիծը, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր»-ը չէր գնա ընտրությունների, հարց է բարձրացնում «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը։

Նրա համոզմամբ, «Քաղաքացիական պայմանագիրն» այն քաղաքական ուժն է, որն առհասարակ չի մասնակցում քննարկումներին Ընտրական օրենսգրքի շուրջ։ «Իրենք [«Քաղաքացիական պայմանագիր»] բոլոր դեպքերում հայտարարել են, որ գնում են ընտրությունների, անկախ նրանից, թե ինչ օրենսգիրք կլինի և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Չուգասզյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) երեկ հայտարարեց, որ հրաժարվում է միանալ Ժիրայր Սեֆիլյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման իշխանափոխության ծրագրին, քանի որ ներկայացված ծրագրում որևէ նոր բան չեն տեսնում։

Չուգասզյանի խոսքով, այն մարդիկ, ովքեր կարծում են, որ մեկ, երկու, երեք անգամ անելուց [իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելուց] հետո պետք է տուն գնան, նրանք ավելի լավ է քաղաքականությամբ չզբաղվեն։

«Ուրեմն ավտորիտար ռեժիմի պարագայում, երբ որ կա բռնակալություն, գրեթե ամեն շաբաթ մի ապօրինություն ոստիկանապետության կողմից տեղի է ունենում, նկատի ունեմ Ռուզաննա Եղնուկյանի հետ կապված դեպքը, այդպիսի իրավիճակում, բնականաբար, պայքարը մի օրում չի ավարտվելու և պետք է տևական ճնշում լինի իշխանությունների ռեժիմի վրա, և այն մարդիկ, ովքեր կարծում են, որ մեկ, երկու, երեք անգամ անելուց հետո պետք է տուն գնալ, նրանք ավելի լավ է քաղաքականությամբ չզբաղվեն, որովհետև ավտորիտար համակարգերում քաղաքականությամբ զբաղվելը շատ լուրջ համառություն է պահանջում», - ասաց Չուգասզյանը։

ՔՊ-ի դիտարկմանը, թե հանրաքվեի ժամանակ մոբիլիզացիան չստացվեց և հարցին, թե ինչո՞ւ օրենսգրքի շուրջ պետք է ստացվի, շարժման անդամն այսպես արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ հանրաքվեի ժամանակ բավարար մոբիլիզացիա տեղի ունեցավ, որպեսզի ապալեգիտիմացնի այն սահմանադրական հեղաշրջումը, որը տեղի ունեցավ Հայաստանում։ Այդ իմաստով ասել, որ մենք արդյունքի չենք հասել... Մենք շատ լավ արդյունքների ենք հասել, որովհետև ամբողջ ժողովուրդն արդեն գիտի՝ պարտվեց իշխանությունը հանրաքվեով, բայց ժողովուրդը չհաղթեց, բայց ես չեմ համարում դա ժողովրդի պարտություն»։

«Քաղաքացիական պայմանագիրը» պարբերաբար պնդում է, որ ամեն անգամ իշխանափոխության ժամկետ նշանակելով և չհաջողելով շարժումը հիասթափության հերթական ալիքն է բարձրացնում։ Անդրադառնալով ՔՊ-ի այս դիտարկմանը՝ Չուգասզյանն ասաց. - «Իշխանափոխության ժամկետի մասին երբ որ խոսում ենք, մենք ասում ենք, որ պետք է անընդհատ գնալ այդ ճանապարհով, մենք չենք ասել կոնկրետ ապրիլի 24-ին լինելու է իշխանափոխություն, մենք ասել ենք, որ այդ օրը պետք է սկսվի որոշակի ալիք, թե այդ ալիքը քանի օր կտևի, դա ժամանակը ցույց պետք է տար։ Բայց, ինչպես գիտեք, հերթական ապօրինությունը տեղի ունեցավ և ամբողջ աշխարհը տեսավ այդ ապօրինությունը, որ հերթական անգամ մենք գործ ունենք ոստիկանապետության հետ, մարդիկ ձերբակալվեցին, դրանից հետո բաց թողեցին, դրանից հետո նորից ձերբակալումներ եղան և այլն։ Այսինքն՝ այստեղ ընդամենը վախը բռնելու անհրաժեշտություն կա, որովհետև պետք է լինեն մարդիկ, որոնք համառորեն փորձեն ցույց տալ ժողովրդին, որ կա ճանապարհ, դա քաղաքացիական անհնազանդության ճանապարհն է»։