Մատչելիության հղումներ

ՔՊ-ն «Նոր Հայաստան»-ի իշխանափոխության ծրագրում «որևէ նոր բան չի տեսնում»


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) հրաժարվում է միանալ Ժիրայր Սեֆիլյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման իշխանափոխության ծրագրին։

«Քաղաքացիական պայմանագիրը» նման որոշում է կայացրել վարչության նիստում։

Կուսակցության խոսնակ Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ չեն միանա, քանի որ ներկայացված ծրագրում որևէ նոր բան չեն տեսել․ - «Անել այս, անել այս, անել այս․․․ Բայց ո՞նց: Ինչո՞ւ պիտի քաղաքացին փողոց դուրս գա․․․ Պետք է քաղաքացիներին բան առաջարկես: Անկեղծ ասած, որևիցե նոր բան այդ ճանապարհային քարտեզում մենք չտեսանք: Ինչո՞վ է տարբերվում այդ պրոցեսը այն պրոցեսից, որը տեղի ունեցավ, ենթադրենք, ապրիլի 24-ից առաջ, կամ դեկտեմբերին․․․ Ի՞նչ նոր բան կա, որ այդտեղ չկար: Ուղղակի թղթին է հանձնվել այն, ինչ արդեն արվել է ու արդեն չի՞ ստացվել»:

Ժիրայր Սեֆիլյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը ընդդիմադիր ուժերին իշխանափոխության ծրագրի շուրջ համախմբելու նպատակով առաջիկա օրերին բանակցություններ կսկսի։ Իշխանափոխության՝ անցած շաբաթ հրապարակված ճանապարհային քարտեզը քննարկելու համար «Նոր Հայաստան»-ից Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպի Պետրոս Մակեյանը։

«Նոր Հայաստան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով, այս բանակցությունների արդյունքում շատ հարցեր պարզ կդառնան ընդդիմադիրներին․ - «Տարբերություն այդ առումով կա: Եթե նկատի ունենային դեկտեմբերյան փորձը, ապա նմանությունը բավականին է, այո, բայց առանձնահատկություններ կան իրավիճակի և առիթի հետ կապված՝ Ընտրական օրենսգիրքն է, այդ հինգ պահանջներն են, արդեն կեղծիքներով անցկացրել են Սահմանադրությունը»:

Ավետիսյանի փոխանցմամբ, հանդիպումների համար «Նոր Հայաստան»-ը մի քանի շաբաթ է հատկացրել։ Կբանակցեն Պարույր Հայրիկյանի, Արամ Կարապետյանի, Ստեփան Դեմիրճյանի և մի շարք այլ ուժերի ղեկավարների հետ: Իսկ ՀԱԿ-ի հետ կբանակցի «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Հույս ունենք, որ կհամաձայնվեն: Եթե չհամաձայնվեն, ըստ այդ ժամանակվա իրավիճակի, հետևություններ անպայման կանենք: Բայց ինչ հետևություններ կանենք՝ իրավիճակը ցույց կտա», - ասաց Ավետիսյանը:

Լևոն Զուրաբյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ իշխանափոխությանը միանալը չեն քննարկել, քանի որ միանալու առաջարկ դեռ չի եղել։

Վարուժան Ավետիսյանի կարծիքով, բանակցությունները մինչև ապրիլի 24-ը կավարտվեն, իսկ իշխանափոխության իրականացմանը կանցնեն արդեն Ցեղասպանության 101-րդ տարելիցից հետո․ - «Պահպանում ենք այդ ներքին կռվանը մեր մեջ, որ մինչև ապրիլի 24-ը գոնե պիտի քաղաքական ուժերի համախմբում տեղի ունենա, որ նախանշի գործընթացի սկիզբը: Բայց հատուկ այդ օրով պայմանավորելը ճիշտ չէ, որովհետև օբյեկտիվ հանգամանքներ են փոխվել: Մենք հիմա այլ ձևաչափում ենք գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG