Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, իշխանությունը պատրաստ չէ ընդունել իրենց հինգ առաջարկները․ - «Իշխանությունների մոտ, այնուամենայնիվ, այդ պատրաստակամությունը ես չեմ տեսնում, որ իրենք բովանդակային քայլերի գնան առանց կա՛մ շատ հզոր արտաքին ճշնման, կա՛մ շատ հզոր փողոցային ճնշման, կա՛մ երկուսի հավասարազոր ճնշումների»:
Այս փուլում, Մարտիրոսյանի փոխանցմամբ, իշխանության հետ բանակցողներին «Ժառանգություն»-ը կաջակցի՝ աշխատելով միջազգային գործընկերների հետ:
«Ժառանգություն»-ը, նրա վստահեցմամբ, կմասնակցի հանրահավաքային պայքարին՝ եթե այդպիսին սկսվի․ - «Ոչ միայն կմիանա, այլև այդ փուլում «Ժառանգություն»-ը ամենաակտիվ մասնակցությունը կունենա: Եվ ոչ միայն «Ժառանգություն»-ը: Այս դեպքում ես կարող եմ արդեն «Նոր Հայաստան»-ի անունից էլ ասել՝ որպես քաղխորհրդի անդամ, որ մենք միանշանակ այս ուղղությունն ենք տեսնում որպես հնարավոր պայքարի միջոց»:
Երեկ ուշ երեկոյան 4+4+4 ձևաչափով բանակցությունների շրջանակում առաջին հանդիպումից հետո կողմերը փոխանցեցին, որ վերջնական համաձայնության չեն եկել:
Կարծիքները նախ կիսվեցին հետևյալ հարցի շուրջ․ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը հանդիպումն անվանում էր բանակցություն, ինչին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն առարկում էր՝ պարզապես քննարկում է:
«Պարբերաբար կրքերը բորբոքվում էին, բայց ի վերջո մենք գտնում էինք մեր մեջ ուժ և կամք՝ շարունակելու քննարկումները», - հանդիպման ավարտին ասաց Հարությունյանը:
«Երկու-երեք ռաունդ ավել՝ և արդեն հնարավոր կլինի ասել, մենք արդյունքի գալի՞ս ենք, թե՞ չէ», - նշեց Զուրաբյանը:
Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ երեկ անդրադարձել են ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման, մատների թանաքոտման ու մատնահետքերի օգտագործման հարցերին: Նախագծի հեղինակները սկզբունքորեն դեմ չեն ընտրական գործընթացը նկարահանելուն․ - «Նախ, այստեղ չի գնում խոսքը օնլայն հեռարձակման, այլ տեսանկարահանման մասին է: Հաջորդը, երբևէ պետություն չի ստանձնելու այդ պատասխանատվությունը, որպեսզի ինքը դա կազմակերպի: Բայց եթե եղավ դոնոր, մենք պատրաստ ենք համաձայնություն տալ, որ որևէ ընկերություն, որին դոնորը ընտրի, գա տեղամասային կենտրոններում տեղադրի կամերաները՝ պայմանով, որ ընտրություններից հետո ցանկացած կուսակցության պահանջով նրանց տրամադրի պատճենը»:
Հնարավոր է ընդհանուր հայտարարի գան մատնահետքերի օգտագործման հարցում: Բայց այդ թեմայով քննարկումները, ըստ Հարությունյանի, ավարտված չեն:
Ընտրական օրենսգրքի հեղինակների համար մատների թանաքոտման պահանջը․ - «Մենք համարում ենք, որ դա բերելու է շատ ավելի անորոշությունների, ավելի շատ կարող է մթագնել ընդհանուր իրավիճակը, քան օգուտ տալ»:
Լևոն Զուրաբյանի արձագանքը․ - «Շատ լավ: Անընդունելի է, կարող է վաղը չէ մյուս օրը դառնա ընդունելի, չէ՞»:
Չնայած տարաձայնություններին՝ որոշել են հանդիպել նաև վաղը:
Լևոն Զուրաբյանն այս պահին դիրքորոշումների մերձեցում չի տեսնում, բայց չի էլ բացառում, որ քննարկումները կարող են արդյունք տալ․ - «Իրենք պետք է ընդառաջեն, ոչ թե մենք: Որովհետև խարխլել են հավատը ընտրությունների նկատմամբ իրենք, ոչ թե մենք: Եթե չէ, ուրեմն արդեն մենք կհայտարարենք մեր ժողովրդին, մեր հանրությանը, որ, այնուամենայնիվ, իշխանությունների հետ հնարավոր չեղավ գալ կոնսենսուսի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, և դրանից հետո կսկսվեն այլ քաղաքական պրոցեսներ, որը կորոշենք»:
Դավիթ Հարությունյանն ասաց․ - «Զիջման մասին խոսք լինել չի կարող: Մենք փորձում ենք ձևավորել ընդհանուր տեսակետ»: