Կարո Եղնուկյանը հանցագործության մասին երկրորդ հաղորդումը ներկայացրեց

Armenia - Activist Ruzanna eghnukian, 24March, 2016

Միջադեպից հինգ օր անց Հատուկ քննչական ծառայությունը դեռ քրեական գործ չի հարուցել՝ պարզելու ինչպե՞ս է ի պաշտպանություն ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի բողոքի ակցիայի ժամանակ ճակատը վնասել Ռուզաննա Եղնուկյանը:

Կարո Եղնուկյանն այսօր հանցագործության մասին երկրորդ հաղորդումը հանձնեց իրավապահներին, որ գոնե քննություն սկսեն և իր կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին, տուժող ճանաչեն:

«Այն, որ ոստիկանի ոտքն է հարվածում՝ դրա մեջ ոչ մի կասկած չկա: Հիմա այստեղ մնում է որոշել, թե սա ում ոտքն է», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց նա:

Կարո Եղնուկյանը պնդում է՝ կան նաև ականատեսներ, որոնք գիտեն, թե կոնկրետ որ ոստիկանն է հարվածել: Ընդդիմադիր գործիչը տարակուսած է․ քննությունը տեղում էր պետք սկսել, չափագրել տարածքը, հետքեր վերցնել, մինչդեռ ուժի դիմած իրավապահները շտապում էին րոպե առաջ ցույցը ցրել:

«Անգրագիտության գագաթնակետն այնքան է, որ վիրավորված մարդուն՝ գետնին պառկած, կիսաուշաթափ կամ ուշաթափված վիճակում չի կարելի շարժել, իսկ ոստիկանները Ռուզաննային ոտքերից, ձեռքերից բռնեցին, ասես կարտոֆիլի պարկ լինի և փողոցի այս կողմից տարան այն կողմ: Եթե նա ունենար ողնաշարային կամ վզի վնասվածք, իրենց արածի հետևանքով կարող էր այնտեղ, Աստված չանի, մահանար», - մատնանշեց Կարո Եղնուկյանը:

Ռուզաննա Եղնուկյանն աստիճանաբար կազդուրվում է, բայց դեռ գլխացավեր ունի, ճակատին չորս կար է դրվել, հաջորդ օրն այտուցվել է դեմքը: Ընդդիմադիր կինը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, բայց չգիտի՝ ինչ է արձանագրվել, մինչդեռ փաստացի ապացույց հանդիսացող կապտուկները և այտուցվածությունը վերանում են:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը միջադեպից րոպեներ անց հայտարարել էր, թե վնասվածքը հրմշտոցի հետևանք է: «Նրանք իրենց ամրացված շղթաները մեխերով ամրացրել են ասֆալտին, երբ ոստիկանները փորձել են ազատել փողոցը, ակցիայի մասնակիցները, հրելով մեկը մյուսին, այդ վնասվածքը ստացել են», - ասել էր Օսիպյանը՝ նշելով, որ իրեն այդպես են զեկուցել։ Մինչդեռ Եղնուկյանները համոզված են՝ ոստիկանական հերթական բռնությունն էլ կմնա անպատիժ:

«Սկզբից էլ արդեն երևում է, որ միտումները ուր են տանում՝ ամեն ինչ մեղմացվի», - ասում է Ռուզաննա Եղնուկյանը:

«Հայաստանում ընդունված չի եղել, որ կանայք պառկեն և մեխեն իրենց ասֆալտին», - հանրապետական Էդուարդ Շարմազանովն այսպես էր արձագանքել միջադեպից ժամեր անց: Ռուզաննա Եղնուկյանն ասում է՝ Մաշտոցի պողոտայի ասֆալտին հայտնվել է ոստիկանների հրելուց հետո, պաստառը ձեռքին կանգնած է եղել․ - «Նույնիսկ եթե ես պառկած լինեի ասֆալտին, այդտեղ ոչ մի սխալ բան ես չեմ տեսնում: Դա բողոք արտահայտելու ձև է»: