Սակրավորները Պալմիրայում 150 ռումբ են վնասազերծել

Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ սակրավորները պատմական Պալմիրայում վնասազերծել են 150 ռումբ, որոնք տեղադրել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները։

Սիրիայի Հուշարձանների պահպանության պետական գործակալության նախագահ Մամուլ Աբդուլքարիմը AP-ին հայտնել է, որ տեխնիկական խումբը Պալմիրայում երկօրյա աշխատանքից հետո վերադարձել է Դամասկոս։

Նա հավելել է, որ մասնագետները լուսանկարներ են արել քարուքանդ արված Պալմիրայում, որը շուրջ 10 ամիս գտնվում էր ծայրահեղական իսլամիստների վերահսկողության տակ։

Աբդուլքարիմի խոսքով, սակայն, որոշ վայրեր, մասնավորապես գերեզմանոցները, փորձագետների համար անհասանելի են եղել, քանի որ այնտեղ «հարյուրավոր ականներ կան»։