ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիան և ՄԽ համանախագահները կոչ են անում պահպանել հրադադարը

Մինսկի խմբի համանախագահները շփման գծում, արխիվ

ԵԱՀԿ նախագահությունում Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Գերնոթ Էրլերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) այսօր տարածած հայտարարությունում «վերահաստատել են իրենց հաստատուն հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորման հարցում»:

«Խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար խիստ անհրաժեշտ է, որ կողմերը ձեռնարկեն բոլոր միջոցները՝ բռնություններից խուսափելու համար, մասնավորապես, այնպիսի բռնություններից, որոնք ազդում են շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ապրող խաղաղ բնակչության վրա: Այս համատեքստում մենք աջակցում ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի կոչին, ով հորդորել էր կողմերին Նովրուզ Բայրամի և Սուրբ Զատիկի տոներին խստորեն պահպանել հրադադարը: Մենք կոչ ենք անում կողմերին ստեղծել պայմաններ, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդները կարողանան նշել այդ տոները խաղաղ պայմաններում»,- ասված է հայտարարությունում:

Համանախագահները, ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիայի հետ կշարունակեն աշխատել կողմերի հետ՝ կարգավորման տարրերի, բռնությունները նվազեցնելու քայլերի և մարդկային շփումները խրախուսող ծրագրերի շուրջ, նաև ասված է հայտարարությունում: