ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում, առաջիկա կրոնական տոների հանգամանքը հաշվի առնելով, զերծ մնալ հրադադարի խախտումներից։
«Առաջիկայում Նովրուզ Բայրամի և Սուրբ Զատիկի տոները նկատի ունենալով՝ ես կոչ եմ անում կողմերին խստորեն պահպանել հրադադարը և շփման գծում կամ սահմանին խուսափել ցանկացած գործողությունից, որ կարող է մեծացնել լարվածությունը»,- այսօր հայտարարել է Կասպշիկը, որ մարտի 17-ին դիտարկում է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։
«Ես երկու կողմերից էլ տեղեկություն եմ ստացել սահմանային վերջին զարգացումներին վերաբերյալ և լսել եմ նրանց մտահոգությունները։ Երկու կողմն էլ ընդգծել են գյուղերի մոտիկությունը առաջնագծին և նշել, որ խաղաղ բնակիչները մեծապես տուժել են հրադադարի խախտումներից»,- ասված է հայտարարությունում։
Կասպշիկը նաև տարածաշրջանի ժողովուրդներին լավագույնն է մաղթել գալիք տոների կապակցությամբ։