Քերրի. ԻՊ-ն ցեղասպան է՝ իր ինքնահռչակած գաղափարախոսությամբ և գործողություններով

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրի

Հանցագործությունները անվանակոչելը կարևոր է, բայց շատ կարևոր է դրանք կանգնեցնելը, շեշտում է ԱՄՆ պետքարտուղարը։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին մարտի 17-ի իր հեռուստաելույթում որպես ցեղասպանություն բնութագրեց «Իսլամական պետության» խմբավորումների ոճրագործությունները ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ։

«Դաեշ»-ը [«Իսլամական պետություն»-ը] պատասխանատու է ցեղասպանության համար, որ գործել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում եզդիների, քրիստոնյաների և շիա մահմեդականների նկատմամբ», - հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղարը։

Նա ասաց, որ «Դաեշ»-ը ցեղասպան է՝ իր ինքնահռչակած գաղափարախոսությամբ և գործողություններով։ Պետքարտուղարը նշեց, որ հանցագործությունները անվանակոչելը կարևոր է, բայց շատ կարևոր է դրանք կանգնեցնելը։

Ջոն Քերրիի խոսքով՝ «Իսլամական պետության» խմբավորումները պատասխանատու են մարդկության դեմ հանցագործության և էթնիկ զտումների համար, որ կատարվել են նույն խմբերի, որոշ դեպքերում նաև՝ սունի մահմեդականների, քրդերի և այլ փոքրամասնությունների նկատմամբ։

Պետքարտուղարի ելույթից մեկ օր առաջ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը «Իսլամական պետության» խմբավորումների գործողությունները դատապարտել էր, ճանաչել էր որպես ցեղասպանություն, և վարչակազմին կոչ էր արվել տվյալ խնդրի առնչությամբ պաշտոնական դիրքորոշում արտահայտել։

Սա երկրորդ դեպքն է, երբ ընթացող հակամարտությունում իրականացված ոճրագործությունները ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից բնորոշվում են ցեղասպանություն։

Ամերիկյան NBC հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ առաջինը 2004 թվականին պետքարտուղար Քոլին Փաուելն էր Սուդանում Դարֆուրի շրջանում կատարված կոտորածները բնորոշել ցեղասպանություն։