Գազի շուրջ հայ-ռուսական բանակցությունների նպատակը նաև բնակիչների, ձեռնարկությունների համար գնի իջեցումն է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
«Այսօրվա դրությամբ բանակցությունները ընթանում են այն ուղղությամբ, որ մենք հնարավորություն ունենանք սակագների իջեցման՝ բնակիչների համար։ Թողեք բանակցությունները ավարտվեն, արդյունքների մասին ձեզ տեղյակ պահենք»,- ասաց նախարարը։
Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ հրապարակավ շնորհակալություն են հայտնել Կրեմլին՝ սահմանին գազի գինն իջեցնելու համար, սակայն հետո՝ Հայաստանում սպառողները պարզել են, որ դա իրենց չի առնչվում, և կապույտ վառելիքի համար շարունակելու են նույնքան վճարել: Օրինակ, անցած տարի ռուսական գազի 1000 խորանարդ մետրի գինը սահմանին նվազեց և դարձավ 165 դոլար, որի համար Սերժ Սարգսյանը անձամբ շնորհակալ եղավ Պուտինին, բայց բնակիչների, ձեռնարկությունների համար գինը մնաց նույնը:
Քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ն ամբողջովին «Գազպրոմ»-ի սեփականությունն է, ստացվում է, որ ռուսաստանյան մոնոպոլիստը գազի գինն իջեցնում է իր համար, հայաստանցիներին շարունակում է վաճառել նույն՝ ավելի բարձր գնով, բայց դրա համար Հայաստանի նախագահը շնորհակալ է լինում Պուտինին՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերում:
Սահմանին 1000 խորանարդ մետր գազի դիմաց 165 դոլար գինը ուժի մեջ է մինչև ապրիլի 1-ը, ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են. երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դեռ որոշում չկա:
Նախարար Յոլյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է պայմանավորվածություն ձեռք բերվի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ապրիլի 7-ին կայանալիք երևանյան այցի ընթացքում: «Ամեն ինչ հնարավոր է էս կյանքում, ես ձեզ ի՞նչ պատասխանեմ»,- ասաց նա։
Նախարարը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը, որ գազային բանակցությունները ընթանում են սահմանին 120 դոլար գնի շուրջ.- «Բանակցությունների մանրամասների մասին կիմանաք վերջնական իրավիճակը ճշտելուց հետո»։
«Ապրիլին կլուծվի իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան հասցնելու հարցը»
Յոլյանը տեղեկացրեց՝ ապրիլի 11-ին Թբիլիսիում կհանդիպեն Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները, հանդիպման ժամանակ վերջնական լուծում կստանա իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան հասցնելու հարցը:
«Գնում են բավականին ակտիվ աշխատանքներ Հայաստանի տարածքը, էներգետիկան ավելի ակտիվ ներգրավելու տարածաշրջանային բոլոր խնդիրներում։ Ե՛վ էլեկտրաէներգիայի, և՛ գազի շուրջ բանակցությունները գնում են, աշխատանքային հանդիպումներ են տեղի ունենում, [տրանզիտ երկիր դառնալու դեպքում] պարզ չէ՞, որ տրանզիտի գումարներ են հաստատվում, բյուջեում փող է մտնելու դրանից՝ ոչ միայն գազի, այլև էլեկտրաէներգիայի համար»,- ասաց Յոլյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։