Հայաստանից լոլիկի արտահանման կտրուկ աճը «Ռոսսելխոզնադզոր»-ի կասկածն է հարուցել

«Ռոսսելխոզնադզոր»-ը կասկածում է, որ Հայաստանից թուրքական լոլիկ է արտահանվում Ռուսաստան:

Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողական ծառայության կասկածների պատճառը Հայաստանից լոլիկի արտահանման կտրուկ աճն է․ մեկ տարի առաջ այս նույն ժամանակահատվածում՝ 2015-ի հունվար-փետրվարին, Հայաստանից լոլիկի արտահանում չէր եղել, ոչ մի պոմիդոր Ռուսաստան չէր արտահանվել, իսկ այս տարվա հունվար-փետրվարին արդեն հազար տոննա արտահանվել է:

Հայաստանից բացի, կասկածներ կան նաև Ադրբեջանից ու Եգիպտոսից իրականացված առաքումների առնչությամբ: Մեկ տարի առաջ այս ամիսներին այդ երկրներից աննշան քանակի լոլիկ էր արտահանվել Ռուսաստան, իսկ այս տարի Ադրբեջանից արտահանվել է 3․5 հազար տոննա, Եգիպտոսից՝ 2 հազար տոննա պոմիդոր:

«Ռոսսելխոզնադզոր»-ը մտադիր է մոտ օրերս հեռախոսով կապվել այդ երկրների համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ՝ պարզելու հարցը: Այդ մասին հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը իր հաղորդագրությունում անհանգստություն է հայտնել դեպի Ռուսաստան լոլիկի արտահանումների կտրուկ աճի կապակցությամբ:

Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի պատժամիջոցները: Արգելված է Թուրքիայից որոշ մրգերի ու բանջարեղենի, ներառյալ՝ լոլիկի ներմուծումը: Մինչ պատժամիջոցները Թուրքիան լոլիկի ամենախոշոր արտահանողն էր Ռուսաստան՝ Ռուսաստան ներմուծվող լոլիկի կեսից ավելին ստացվում էր Թուրքիայից: Հիմա, երբ պատժամիջոցները ուժի մեջ են մտել, «Ռոսսելխոզնադզոր»-ում հնարավոր են համարում, որ նույն թուրքական լոլիկը Ռուսաստան է հասնում երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի միջոցով:

Ծառայության ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն Fontanka.ru կայքին ասել է, որ տարվա սկզբից բացահայտել են այդ երկրներից կեղծ սերտիֆիկատներով առաքումների խմբաքանակներ: Նա նշել է, որ բացահայտված խմբաքանակները հիմնականում պոմիդորներ էին, ինչպես նաև այլ մրգեր ու բանջարեղեն: «Կոնկրետ թիվը չեմ կարող ասել, բայց այն նշանակալից է»,- ասել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնյան:

Վերահսկիչ այդ մարմինը մտադիր է հիշյալ երկրներից, այսինքն՝ Հայաստանից, Ադրբեջանից ու Եգիպտոսից արտահանվող յուրաքանչյուր խմբաքանակի համար տեղեկատվություն պահանջել, հակառակ դեպքում՝ արտահանողների սերտիֆիկատները ստուգվելու են սահմանի վրա, ինչը կարող է 2-3 օր տևել:

Ռուսական կայքը զրուցել է նաև մրգեր ու բանջարեղեն ներկրող, մեծածախ առևտրով զբաղվող ռուսաստանյան մի քանի խոշոր ընկերությունների հետ:

Սանկտ Պետերբուրգում մրգերի և բաջարեղենի առևտրի ցանց ունեցող «Մոնոլիտ» ընկերության ղեկավար Աշոտ Էֆենդիևը, մասնավորապես, ասել է, որ «նկատի ունենալով հայ-թուրքական հարաբերությունները՝ դժվար թե Հայաստանից թուրքական պոմիդորներ արտահանվեն Ռուսաստան»: