Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը ԱՄՆ-ի կառավարության և Apple ընկերության միջև առաջ եկած հակասությունների հարցում պաշտպանում է կառավարության դիրքորոշումը։ Հեռախոսի տեղեկությունները կօգնեին նոր մանրամասնություններ ստանալ հարձակման մասնակիցների մասին, սակայն Apple-ը շարունակում է հրաժարվել համագործակցությունից։
Ամերիկայում մարդիկ շատ են կարևորում անձնական գաղտնիության սկզբունքը, այնքան, որ ազգային անվտանգությունը երբեմն ստորադասում են գաղտնիությանը։
Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքի խոսքերով, եթե իր ընկերությունն ընդունի ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջը և տա երկու ահաբեկիչների հեռախոսների գաղտնագիրը բացելու հնարավորություն, ընկերության հեռախոսները խոցելի կդառնան հաքերների կողմից։
Facebook-ի հիմնադիր Մարք Զաքըրբերգը պաշտպանում է Apple-ի դիրքորոշումը։ Ելույթ ունենալով Բարսելոնայում՝ նա ասել է. - «Չեմ կարծում, որ գաղտնագիրը բացելու հանգամանքը ինչ-որ արդյունավետ միջոց կլինի անվտանգության համար։ Բացի այդ, դա դեմ է այն սկզբունքներին, որոնց մարդկությունն այսօր մեծ կարևորություն է տալիս»։
Իսկ ահա Բիլ Գեյթսն ասում է, թե Apple-ն իրականում կարող է բացել իր արտադրած սարքերի, տվյալ դեպքում՝ ահաբեկիչների բջջային հեռախոսի գաղտնագրերը, առանց iPhone-ի մյուս սարքերում պահվող տեղեկությունները վտանգի տակ դնելու։ Financial Times օրաթերթին տված հարցազրույցում Գեյթսն ասել է, թե երկրի կառավարությունը գաղտնիությունն, այսպես ասած, կոտրելու խնդրանքով կարող է դիմել և' բանկերին, և՛ հեռախոսային ընկերություններին։
«Եկեք պատկերացնենք, որ մի ինչ-որ բանկ ժապավեն է կապել իր սկավառակներից մեկի վրա և հայտարարում է, թե ինձ մի ստիպեք կտրել ժապավենը, քանի որ ինձ կարող եք ստիպել դա անել ուրիշ անգամներ ևս։ Ինչևէ, հարցը շատ պարզ է։ Հարկավոր է պարզել, թե որտեղով է անցնում անվտանգության նպատակներով անձնական գաղտնիության սահմանները բաժանող գիծը», - նշել է Microsoft-ի հիմնադիրը:
Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ չի կարելի թույլ տալ, որ կառավարությունը լիովին կույր մարմնի ձև ստանա։ Նա հիշեցնում է, որ ԱՄՆ-ի համար կարևոր ժամանակահատվածներում Հետաքննությունների դաշնային բյուրոն պարբերաբար հավաքել է գաղտնի տեղեկություններ ու դրանք օգտագործել ի նպաստ անվտանգության։
«Հարկավոր է, որ կառավարությունն ու բարձր տեխնոլոգիաների ընկերությունները գտնեն քաղաքացիների անվտանգությունը և դրա հետ միաժամանակ՝ նրանց անձնական գաղտնիությունը պաշտպանելու ընդհանուր եզրեր», - ընդգծել է Գեյթսը:
Բիլ Գեյթսի նման շատերն են ուզում հավատալ, որ Գերագույն դատարանը հարցին կտա ճիշտ ու ընդունելի լուծում։ Դատավարություն, որին հետևելու են ԱՄՆ-ից դուրս շատ այլ երկրներում ևս, որտեղ առկա են նման հակասություններ կամ որտեղ ապագայում կարող են հայտնվել նման երկընտրանքի առջև։