Apple ընկերությունը հրաժարվում է հետևել ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համագործակցելու մասին դատավորի որոշմանը` դրանով իսկ խոչընդոտելով Սան Բերնարդինոյի ահաբեկիչների գործով հետաքննությունը:
2015 թվականի դեկտեմբերի երկուսին Սան Բերնարդինոյում 14 մարդու կյանք խլած ահաբեկիչներից մեկի՝ Սաիդ Ֆարուքի iPhone մոդելի հեռախոսը գտնվում է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տրամադրության տակ:
«Հեռախոսը մեր տրամադրության տակ է, սակայն ծածկագիրը բացելու հնարավորություն մենք դեռևս չենք ունեցել: Արդեն երկու ամիս է անցել, սակայն մենք դեռ աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին:
Հետաքննությունների դաշնային բյուրոն այս հարցով դիմել է դատարան, ինչի արդյունքում դաշնային դատավոր Շերի Փիմը Apple ընկերությանը հրահանգել է բացել հեռախոսը:
Ի պատասխան Apple ընկերությունն իր օգտատերերին ուղղված հաղորդագրություն է հրապարակել, որտեղ ասվում է, թե իրենք հրաժարվում են կատարել դատարանի պահանջը: Apple-ի հայտարարության համաձայն, պետությունը պահանջում է կոտրել իրենց օգտատերերի հաշվեհամարները՝ «ինչը ոտնձգություն կլինի քաղաքացիների ազատության և արդարության իրավունքի դեմ»:
Հետաքննությունների դաշնային բյուրոն, չունենալով ծածկագիրը, ի վիճակի չի եղել բացել հեռախոսի պարունակությունը։ Համակարգչային անվտանգության մասնագետ դոկտոր Քլիֆֆորդ Նյումանի խոսքերով, տասն անգամ սխալ ծածկագիր հավաքելու դեպքում հեռախոսը ինքնուրույն կջնջի դրանում պարունակվող ողջ տեղեկատվությունը:
«Սա անվտանգության այնպիսի միջոց է, որը պաշտպանում է օգտատերերի անձնական տեղեկությունները, երբ նրանք կորցնում են հեռախոսը կամ երբ այն գողացվում է», - նշում է Նյումանը:
Սակայն անվտանգության այդ հատկությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյին զրկում է հեռախոսում առկա կարևոր հաղորդագրությունները և էլեկտրոնային նամակները ուսումնասիրելու հնարավորությունից: Ունենալով այդ տեղեկությունը՝ բյուրոն կկարողանար պարզել, թե ում հետ էին հարձակում ծրագրում Ֆարուքն ու նրա կինը՝ Մալիքը, և թե ուր էին նրանք ճամփորդել մինչև հարձակումը: Նրանք գուցե կարողանային հաստատել կամ մերժել ահաբեկիչների կապը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի կառավարությունը լրջորեն համագործակցում է երկրի մասնավոր մի շարք ընկերությունների հետ: Պետքարտուղար Ջոն Քերրին էլ դիմել է Հոլիվուդի ղեկավարներին, որպեսզի նրանք օգնեն ճնշել ահաբեկիչների համացանցային քարոզչությունը: