Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հիմք ընդունելով Վարդգես Գասպարիի՝ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնած տվյալները, դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու առաջարկով:
ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման ծառայության աշխատակիցները, հիշեցնենք, տեսակցել են Գասպարիին, վերջինս տեղեկացրել է, որ սկսել է հացադուլ‚ քանի որ խցում ենթարկվել է վատ վերաբերմունքի‚ այդ թվում՝ բռնության։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Գասպարին դադարեցրել է հացադուլը:
Օմբուդսմենի գրասենյակը տեղեկացնում է, որ պարզաբանումներ ստանալու նպատակով, մարդու իրավունքների պաշտպանը դիմել է նաև արդարադատության նախարարին:
«Ինչ վերաբերում է Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցին‚ ապա ուսումնասիրությամբ պարզվել է‚ որ Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին որոշում իր վարույթում գտնվող քրեական գործով կայացրել է դատարանը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին»: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Մարդու իրավունքների պաշտպանին արգելում է բողոքի ուսումնասիրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ դատավորներից», - ասված է օմբուդսմենի հայտարարությունում։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ուսումնասիրել է նաև Վարդգես Գասպարիին ազատությունից զրկելու հետ կապված իրավական հարցը:
«Ուսումնասիրության հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է որ անձին ազատությունից զրկելու հարցը լուծելիս Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի դրույթները պահանջում են պահպանել դրանցով սահմանված չափանիշները, մասնավորապես՝ ազատությունից զրկման հարցը լուծելիս դատարանի կողմից լսվելու իրավունքը‚ ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկանալու իրավունքը և այլն», - հայտարարում է Արման Թաթոյանը՝ հույս հայտնելով, որ «իրավասու մարմինների կողմից հաշվի կառնվեն նշված չափանիշները Վարդգես Գասպարիի անազատության մեջ պահելու իրավաչափության հարցը քննարկելիս»: