Մատչելիության հղումներ

Խցակիցները Գասպարիին «պարբերաբար ծեծում և նվաստացնում են»


Վարդգես Գասպարին հերթական բողոքի ակցիան է իրականացնում, արխիվ
Վարդգես Գասպարին հերթական բողոքի ակցիան է իրականացնում, արխիվ

Ըստ փաստաբան Տիգրան Եգորյանի, իր պաշտպանյալի վրա նաև ժամանակ առ ժամանակ սառը ջուր են լցնում:

Անցած շաբաթավերջին կալանավորված Վարդգես Գասպարին այսօր հազիվ էր տեղաշարժվում, մերթընդմերթ կորցնում էր հավասարակշռությունն ու ոտքի վրա կանգնած մնում միայն ոստիկանների օգնությամբ։

«Ազատության» հետ կարճ զրույցում ակտիվիստը միայն մեկ նախադասություն հասցրեց արտաբերել՝ «շատ վատ եմ»։

Ոստիկաններն արգելեցին նկարահանել։ Քիչ անց իր փաստաբան Տիգրան Եգորյանի հետ առանձնազրույցում Գասպարին տեղեկացրել է, որ կալանավայրում խոշտանգումների է ենթարկվում, հարվածներից ու հայհոյանքներից բացի, խցակիցները նաև կտտանքների այլ տարբերակներ են կիրառում։

«Սառը ջուր են լցնում, ծեծում են, նորից ջուր են լցնում, հայհոյում են», - փոխանցեց փաստաբանը՝ հավելելով․ - «Նրա նկատմամբ այս ֆիզիկական բռնությունները շարունակվում են»:

Գասպարիի պնդմամբ, իրեն նաև սպառնացել են, թե կալանավայրից կենդանի դուրս չի գալու։

Փաստաբանի խոսքով, քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը խոշտանգումներին որևէ կերպ չի միջամտում․ - «Հսկիչները պարբերաբար լսելով իր բղավոցները, ցավից արձակած բղավոցները, մոտենում են և այդ արտոնյալ կալանավորներին, քրեական տարրերին հարցնում են՝ արդյո՞ք ամեն ինչ նորմալ է․․․ և հեռանում են: Ոչ մի միջամտություն չի իրականացվում»:

Ակտիվիստն արդեն երկրորդ օրն է՝ հացադուլ և ջրադուլ է հայտարարել։ Այսօր նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն․․․ հոգեբուժական՝ դատահոգեբանական փորձաքննության։

Տիգրան Եգորյանի խոսքով, հարցաքննության ընթացքում Գասպարին հարց է ուղղել քննչին, թե արդյոք նա առնչվել է Մարտի 1-ի գործին, ինչը հիմք է տվել քննչին կասկածի տակ դնել Գասպարիի հոգեկան առողջությունը։

«Այսպիսի որոշում կայացնելու ո՛չ իրավական, ո՛չ փաստական հիմքեր չկային: Սովետական իրողությունից ժառանգված պրակտիկա է, երբ մարդուն կոտրելու, ճնշելու և լրացուցիչ անհաղթահարելի միջոցներով նվաստացնելու փորձ է կատարվում», - մեկնաբանեց Եգորյանը:

Քրեակատարողական հիմնարկից չհերքեցին Գասպարիի պնդումները՝ տեղեկացնելով, թե ակտիվիստի հայտարարությունից հետո ուսումնասիրություն են սկսել։

Խոշտանգումների վերաբերյալ Գասպարիի փաստաբանները պատրաստվում են արագացված ընթացակարգով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Տիգրան Եգորյանը նաև փոխանցեց․ - «Նրան հիմա տեղափոխեցին «Նուբարաշեն», նույն խուցը, որտեղ, բնականաբար, վերսկսվելու են նրա նկատմամբ խոշտանգումները»:

Վարդգես Գասպարին մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության, ակտիվիստը վարչական դատարանի դատավորներից մեկին «ստոր, անարժանապատիվ ու իշխանության հանցագործությունները կոծկող գործակալ» էր անվանել։

Տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ու մտավորականներ այսօր համատեղ հայտարարությամբ պահանջեցին անհապաղ ազատ արձակել Գասպարիին։

Իրավապաշտպաններն արագ արձագանք են ակնկալում նաև Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանից։

Տեղի ունեցածը՝ ըստ Գասպարիի վերծանված ձեռագրի

Ավելի ուշ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպությունը իր կայքում հրապարակեց հոգեբուժարան տեղափոխված Գասպարիի կողմից փաստաբաններին փոխանցված ձեռագրի վերծանումը, որը առանց խմբագրական միջամտության, բայց որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև․

«Եթե Նուբարաշեն փոխադրվելու առաջին և երկրորդ օրերին ԱԺ-ի պատգամավորների այցելությունը և միջնորդությունները հետաձգեց իմ նկատմամբ բռնությունները, ապա կիրակի և երկուշաբթի օրերից հետո առավել ևս իմ քաղաքացիական ինքնությունը բացահայտվելուց հետո սկսվեցին ճնշումները իմ նկատմամբ: Երկուշաբթի երեկոյան N20-ից մտնելուց հետո սկսվեցին առերես հարցաքննությունները և երկու ժամ խցի 10-12 հոգանոց կոնտիգենտը ինձ ուղիղ ասաց, որ ես իր հետ համատեղելի չեմ և պետք է լքեմ խուցը: Այդ ընթացքում հասկացվեց, որ ամեն ինչի տեր ու տիրակալը հնաբնակներն են` ի դեմս խուց նայողի և նորեկը չունի որևէ իրավունք, այդ թվում` կյանքի և արժանապատվության. Տվյալ իրավիճակում խցի յուրաքանչյուր բարիքից օգտվելու դեպքում բնականաբար մերժելու էր, մերժելու էր իմ պարտքը հնաբնակներին, ուստի ես հրաժարվեցի առաջարկվող լողանալու հնարավորությունից, ինչպես նաև մահճակալներից օգտվելուց»:

«Պետի տեղակալի մակարդակով զգուշացվել եք ․․․ դեռ պետը հրահանգներ չէր տվել ․․․ և քանի որ արդեն ինչ-որ տեղ ընկալվել էր իմ ոչ համաձայնությունը գողական օրենքներին, մասնավորապես ղումարի մասին իմ բացասական վերաբերմունքը (ես արդեն նշել էի անցած մեկ տարում չորսից հինգ կալանավորի ինքասպանության փաստի և նրանց որբացած, անտեր մնալու հանգամանքների մասին), արդեն առկա էր բացասական վերաբերմունքը իմ նկատմամբ ․․․ Այնուամենայնիվ առերես հարցաքննության թեման բերեց առաջին կոնֆլիկտը և ես հեռացա սեղանի մոտից` գնացի սենյակի մյուս ծայրը` դռան մոտ և պառկեցի հատակին, դա դարձավ նրանց թեման, հիմք, պահանջ, ծաղրուծանակ, իբր ներքին կոնֆլիկտ, գոռգոռոց, ճղճղոց, և ինձ խնդրեցին պառկել սեղանին կից նստարանին (իբր ես որ գետնին եմ պառկում, մեռելի տեսք եմ ունենում, այլոք նայելով, տեսնելով ինձ` վախենում-վատանում են): Ես ընդունեցի առաջարկը և պառկեցի սեղանի մոտի նտսարանին և այլևս հարցաքննություն տեղի չունեցավ, և այդպես անցավ մինչև առավոտ: Առավոտյան պրավերկայի ժամանակ գրեցի, հանձնեցի դիմում` հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին, մինչև ինձ փոխադրեցին առավել մեկուսացված վեցերորդ մասնաշենք` զրոներ․․․»:

«Այդ գործընթացը տևեց մինչև երեկո` ժամը 17-ից 18-ը ու դեռ լուծում չուներ ․․․ Ինձ պարբերաբար կանչում էին հերթապահ մաս` փաստաթղթեր կազմելու և ․․․ կրկին վերադարձնում նույն N 20 խուց ․․․ և ․․․ հերթական անգամ տանել-բերելուց հետո N20 խուց ասացին, որ այլևս չեն ընդունում ինձ և ես այլևս խուց մտնելու իրավունք չունեմ: Ես նստեցի 2 խցի արանքում` ադմինիստրացիան պահանջում էր մտնել խուց, խցի մարդիկ չեն ընդունում ․․․ Ես ադմինիստրացիային հայտնեցի այլևս նրանց խուց չմտնելու մասին և իմ նկատմամբ մի քանի զգուշացումներից հետո կիրառվեց պատիժ` պատժախուց փոխադրվել ․․․ Գնացին նկուղային հարկ N3 պատժախուց, որտեղ կար մեկ մարդ` ինքնավնասված ․․․ Այդտեղ էի 3-4 րոպե, որ կանչեցին-ասացին գնում ենք առաջին օրը եղած համար 7 կարանտին խուցը ․․․ Կոնտիգենտը համարյա նույնն էր. Քչացած 4-5 հոգի և 1-2 նորեկներ, նորմալ վիճակ, հարաբերություններ էին, մինչև պ-ից եկավ ինֆորմացիա և հրահանգ ինձ ճնշելու մասին, ու եղանակը միանգամից փոխվեց: Սկսվեցին ակտիվ գիր փոխանակելու գործընթացը վերևի հարկի և պ-ի հետ, հեռախոսազրույցներ, գիր և հայացքները փոխվեց ․․․ Նույն ծանոթ-բարեկամ հայացքները փոխվեցին թե հացադուլի ես, էստեղ չպիտի մնաս` կրկնեցին մեկ, երկու, երեք անգամ առավել խիստ և արդեն կատաղի` զուգակցելով հայհոյանքներով, ծաղրուծանակներով, ձեռքի և ոտքի հարվածներով, հիմնականում ոտքով, քացով, հարվածում էին ոտքիս ծնկից ներքև հատվածներին ես պառկած էի մահճակալին, իրենք կանգնած էին հարվածում էին կողքից: Հարվածների ցավի ես գոռում էի և իրենք ասում էին, որ ձեն չհանեմ, ինձ խփողները 3-4-ն էին, չորրորդը 50 տր.` հացադուլից եկած թույլ էր և հյուծված չէր մասնակցում, բայց 1-2 հայհոյանքներ ինձ տվեց` ցույց տալու, որ ինքը գոնե դեմ չէ տեղի ունեցողի հետ ․․․ (մասնակի հացադուլը, հասկացա, ընդունել է ջուր, սուրճ, թեյ, մի 50-52 տ. Անձ էր ): Խփողները 30-40 տարեկան»:

«Այդպես 3-4 րոպե ընդմիջումներով, ինտրիգներով մոտենում ու նորից էին խփում , ժամը 24-ը երևի անց էր, իմ ցավից արձակված գոռոցները լսվում էր մինչև 10 մ հեռու` շենքի մեջ և դրսում ․․․ սակայն ոչ մի արձագանք հսկիչներից ․․․ միայն 1 անգամ հսկիչը անունով կանչեց ծեծողներից մեկին` ասելով` ամեն ինչ նորմալ ա և լսեց պատասխան` հա, ապեր, համաձայնեցված ա ․․․ նույն հարցը տվեց խցից ինչ-որ մեկը և լսեց նույն պատասխանը ․․․»:

«Այսպես շարունակվեց և 1-2 ժամ, վերջին սեռական հայհոյանքներով զուգորդված իմ խնդրանք աղաչանքները, որ հացադուլի մեջ եմ եմ` Աստված սիրեք, ողորմացեք արտահայտությունները չափազանց թույլ էին էդ պալաժենիից ստացած հրահանգի համեմատությամբ»:

«Ինչ-որ մի պահ խցի դուռը բացելու բանալու ձայն լսվեց, մեկին բերեցին, որ խուց մտցնեն, և ես ինձ դուրս նետեցի խցից ․․․ չորեքթաթ ընկած գետնին ասացի, որ այլևս չեմ մտնում խուց ․․․ հավաքվեց ամբողջ անձնակազմը 5-6 հոգի համոզելու, որ ամեն ինչ լավ է, և ես խուց մտնեմ ․․․ ես չորեքթաթ սողում էի հատակին` փորձելով հեռանալ խցից. խնդրելով, որ ինձ խուց չուղարկեն ․․․ Այդպես, որ ինձ տանեն հերթապահ մաս, սակայն այնտեղ նորից ինձ փորձում էին համոզել, որ գամ խուց` այլևս ոչինչ չի լինի ․․․ Սկզբից իրենց հարցերին չէի պատասխանում, որ ինչ է պատահել, քանի որ համոզված էի, որ դա իրենց պետք է ընդամենը լուր կորզեն ծեծողներից, սակայն հետո որ տեսա ամեն կերպ փորձում են ինձ խուց տանեն, պատմեցի ամեն ինչ մանրամասնությամբ, սակայն կրկին պահանջում էին հետ գնալ խուց (նույն խուցը), նույնիսկ հատակին ընկած վիճակում, բերեցին ադիալ և ասացին եկեք օգնենք Գասպարիին դնենք ադիալի վրա, նասիլկի վրա վերցնենք տանենք ․․․»:

«Այդ խոսակցությունները տևեց 1-1,5 ժամ, և ես հանձնվեցի: Ինձ տարան պատժախուց, որտեղ կար 1 մարդ, և ինձ հավաստեցին, որ նա ինձ չի վնասի, ինձ հետ գործ չի ունենա ․․․»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG