Ընդդիմադիր պատգամավորները կոչ են անում անհապաղ ազատ արձակել Գասպարիին

Ընդդիմադիր պատգամավորներն այսօր կառավարությանը կոչ արեցին հետաքրքրվել կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիի առողջությամբ ու միջոցներ ձեռնարկել նրան անհապաղ ազատ արձակելու համար։

Գասպարիի տեղափոխումը կալանավայրից հոգեբուժարան՝ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին խորհրդային ժամանակներն է հիշեցրել. - «Սա այն դեպքն է, որ ես կարծում եմ, որ դատարանի որոշումը՝ նրան կալանավորելու, անհիմն է և անօրինական: Դա որևէ կերպ մեր երկրին պատիվ չի բերում, և նաև նման դեպքերում մարդուն հոգեբուժարան տանելը և հոգեկան վիճակը ստուգելը հիշեցնում է խորհրդային տարիների «լավագույն» ավանդույթները: Ես հույս ունեմ, որ կառավարության անդամները և վարչապետը միջոցներ կձեռնարկեն, որ արագ ազատ արձակվի»:

«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն ավելացրեց՝ ճաղերի ետևում են փակել Հայաստանի ամենաազնիվ ու պարկեշտ քաղաքացիներից մեկին, և կոչ արեց պաշտոնյաներին գնալ բանտախուց ու տեսակցել Գասպարիին․ - «Հոգեբուժարանում փորձել են նրա նկատմամբ ապօրինի անցկացնել փորձաքննություն, փաստաբանները հայտարարում են, որ նրա նկատմամբ տեղի է ունենում խոշտանգում, նրա վրա են լցնում սառը ջուր և նրան նաև ծեծում են»:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախ շեշտեց, որ քննիչն է որոշում կայացրել Գասպարիին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել, ապա վստահեցրեց, որ ուշադրության կենտրոնում է պահում խնդիրը, և թեև տեղյակ էր Գասպարիի ու խցակիցների լարված հարաբերությունների մասին, պնդեց, թե գոնե մինչև դահլիճ մտնելը չի լսել, որ ակտիվիստը բարձրաձայնել է իր հանդեպ բռնության մասին․ - «Խցում նա պառկել է գետնին և խցակիցների հետ հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացել, և նա տեղափոխվել է առանձին խուց: Մինչև այսօր՝ մինչև ձեր նշած հոգեբուժական հաստատություն տեղափոխվելը, գտնվել է այդ խցում՝ ընդամենը մեկ անձի հետ»:

Փոստանջյանը հորդորեց քննության առարկա դարձնել խոշտանգման մասին բանավոր հայտարարությունը, ինչին ի պատասխան՝ արդարադատության նախարարը խոստացավ՝ «ամբիոնից պատասխանատու հայտարարում եմ, որ անպայման հետևողական կլինեմ, թեև վստահ եմ, որ, նկատի ունենալով ընթացիկ ամբողջ գործընթացը, որ վերահսկողություն է եղել, չեմ պատկերացնում, թե որ պրոցեսում է դա եղել»:

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կառավարությունը չի պատասխանում Մարտի 1-ի գործերի վերաբերյալ Եվրոպական դատարանի հարցերին ու դեպքից 8 տարի անց կրկին ժամանակ է խնդրել արձագանքի համար․ - «Հարց կառավարությանը՝ դեռ քանի՞ տարի է պետք, որ այդ պարզ հարցերը․․․ խնդրում եմ պատասխանեք՝ ի՞նչ վիճակում է կառավարության կոմունիկացիաների փուլը Մարտի 1-ի գործերի հետ կապված»:

Արձագանքեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը․ - «Այսօր դարձյալ արտաքին գործերի նախարարը դահլիճում չէ և բարձրացրել եք նույն հարցը: Ինձ հիմա դժվար է պատասխանել Ձեր հարցին, բայց ժամանակին վարչապետը հանձնարարել էր արտգործնախարարին, որպեսզի Ձեզ գրավոր պատասխան ուղղի»:

«Հարգելի իշխանավորներ, էն հարցերը, որ դահլիճում չի լուծվում, ինքնըստինքյան հրապարակ է գնում: Հիմա եթե ես մարտի 1-ի միտինգին ձեզ ինչքան վատ բառ ասեմ, որ դուք արհամարհում եք այն միջազգային կառույցներին, որի մեջ մենք գտնվում ենք, և արհամարհում եք նրանց պատասխանները, ես ճիշտ կլինեմ, չէ՞», - պատասխանեց Արամ Մանուկյանը:

«Անկախ նրանից մենք ինչ ենք ասելու, դուք այդ հայտարարությունը կամ նման հայտարարություն անելու եք», - արձագանքեց Դավիթ Հարությունյանը: