Կալանավորվել է Վարդգես Գասպարին

Ոստիկանները Գասպարիին դատարան են տեղափոխում, 15-ը փետրվարի, 2016թ.

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Վարդգես Գասպարիին կալանավորելու որոշում է կայացրել: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ընդդիմադիր ակտիվիստի փաստաբան Դավիթ Գյուրջյանը, Գասպարին իր իսկ խափանման միջոցի վերաբերյալ նիստին ներկա չի եղել, ինչն, ըստ փաստաբանի, օրենքի խախտում է:

Դատարանի որոշումը ձեռքին երեկոյան Գասպարիի բնակարան են այցելել մի խումբ ոստիկաններ, նրան կրկին պառկած դիրքով դուրս բերել ու տարել ոստիկանական մեքենայով: Փաստաբանի տեղեկություններով, ակտիվիստն այժմ ոստիկանական բաժանմունքում է և դեռ չի տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ: Գասպարին և փաստաբանը դատարանի որոշումը չեն ստացել, բայց Գյուրջյանը փոխանցեց, որ այն բողոքարկելու են:

Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։ Նա չէր ներկայանում դատարան, իրավապահներն ամեն անգամ հարկադրաբար էին տանում նիստերին՝ վերջին անգամ գործի դնելով անգամ «Շտապօգնության» մեքենան: