Մատչելիության հղումներ

Գասպարիին դատարան բերման են ենթարկել շտապօգնության մեքենայով


Ոստիկաններին վիրավորելու մեջ մեղադրվող ընդդիմադիր ակտիվիստն արդեն շուրջ երեք ամիս դատարանի հանդեպ անվստահության պատճառաբանությամբ հրաժարվում է ներկայանալ նիստերին:

Առողջական որևէ գանգատ չունեցող Վարդգես Գասպարիին այսօր ոստիկանությունը բռնության գործադրմամբ շտապօգնության մեքենայով բերման է ենթարկել դատարան:

Ոստիկաններին վիրավորելու մեջ մեղադրվող ընդդիմադիր ակտիվիստը, ով արդեն շուրջ երեք ամիս դատարանի հանդեպ անվստահության պատճառաբանությամբ հրաժարվում է ներկայանալ նիստերին, տարակուսած է՝ ի՞նչ իրավունքով է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող շտապօգնությունը սպասարկել ոստիկաններին․ - «Այն, ինչ որ պետք է ծառայի վատառողջ մարդկանց սպասարկելու համար, ծառայում է ոստիկանության պատվերները կատարելու համար»:

Ոստիկանությունից «Ազատության»-ը տեղեկացրեցին, թե շտապօգնության մեքենան իրենք են հրավիրել, քանի որ մտավախություն են ունեցել, թե գետնին պառկելով իր բողոքն արտահայտող ակտիվիստի ինքնազգացողությունը կարող է վատանալ։

Գասպարին ծիծաղելի է համարում ոստիկանության նման գթասրտությունը: Նա հիշեցնում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրավապահների վերաբերմունքն իր նկատմամբ բոլորովին այլ էր․ - «Հենց ընդամենը հունվարի 6-ին, երբ Դեմիրճյան փողոցում ՀՀԿ շտաբի պատասխանատուն նախ ինձ հարվածեց՝ դեմքիս, որովայնիս և այլն, այնուհետև ոստիկանները եկան և իրենց հերթին բռնություններ իրականացրեցին: Այնուհետև տարան, գցեցին Դավթաշենի ձորը: Մալաթիայում երբ որ ինձ բերման ենթարկեցին, իրենք բոլորը դուրս էին եկել միջանցք, ինձ թողել էին սենյակում, պատուհանները բացել, որ այդ ցրտին ես այնտեղ դողայի, իսկ իրենք հավաքվել էին միջանցքում և հռհռում էին․․․ այ սա է ոստիկանության պատկերը»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ցինիզմ է որակում կատարվածը՝ նաև պնդելով, որ ոստիկանությունը հատուկ է Գասպարիին բերման ենթարկելու եկել հիգիենիկ դիմակներով․ - «Վստահ եմ՝ ոստիկանապետի մասնակցությունն է այս սցենարին, և իր ցուցումներով է այս ամեն ինչը արվում: Շատ ամոթ է, իրոք․․․ Ի՞նչ են ուզում այդ մարդուց: Ի՞նչ հաճույք են ստանում ծաղրուծանակի ենթարկելով․․․ և ի՞նչ իրավունքով: Եվ այս անպատժելի վարքը հանդուրժվում է իշխանության կողմից»:

Արդեն դատարանում ակտիվիստը ինքնաբացարկ հայտնեց դատավորին, և նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 19-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG