Իշխանությունները մտադիր են քվեարկության օրը ընտրողների գրանցումը տեղամասում դարձնել էլեկտրոնային: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ առայժմ չհստակեցնելով, թե ընտրողների նույնականացման ո'ր տարբերակի վրա են կանգ առնելու։
«Տեխնոլոգիաները կարող են լինել տարբեր. դա կարող է լինել մատնահետք, պատկեր, դեմք և այլն։ Դա կախված է ոչ միայն այն տեխնիկայից, որը մենք կկարողանանք ձեռք բերել, այլ նաև որը որ ավելի հուսալի է»,- ասաց Հարությունյանը։
Ընդդիմադիրները, մինչդեռ, համոզված են, որ այս համակարգով էլ կրկնաքվեարկությունները չեն կանխվի, եթե տեղամասերի տվյալները սարքերով միմյանց չկապվեն:
Իշխող կուսակցության ղեկավար անդամը մերժում է մատնահետքերով նույնականացումը՝ այս գործիքը որակելով «ոչ օգտակար»։ «Ես դեմ եմ, որ ընտրողին գրանցող համակարգը ընտրական տեղամասում լինի ցանցային։ Ցանցային համակարգը նշանակում է լրացուցիչ հնարավորություն՝ խափանելու ցանցի աշխատանքը, անգամ ոչ թե դիտավորյալ, այլ զուտ տեխնիկական պատճառներով երբեմն ինտերնետն է անհետանում երկրում։ Պատկերացրեք ինչ-որ մի գյուղից ենթադրեք կապը կենտրոնական համակարգի հետ դադարի։ Ապակենտրոնացած համակարգի պայմաններում, ինձ թվում է, փաստաթղթային հավաստումը շատ ավելի վստահելի է՝ մարդու դեմքն է երևում»,- նաև ասաց Հարությունյանը։
Իսկ ընդդիմադիրների մյուս սկզբունքային պահանջը՝ ընտրության մասնակիցների ցուցակների հրապարակումը, Դավիթ Հարությունյանն առհասարակ անթույլատրելի է համարում։
«Բարձրաձայն թմբկահարում են՝ այ, Անգլիայում կա հնարավորություն հրապարակելու։ Ուզում եմ ուղղակի այդ անձանց հիշեցնել և առաջարկել կարդալ անգլիական փորձը ու համոզվել, որ այն ինչ արված է Անգլիայում, նաև արված է մեզանում։ Այսինքն այդ ցուցակները ոչ թե ծայրահեղ գաղտնի փաստաթղթեր են..., այո՛, դրանք չեն հրապարակվում, բայց վստահված անձը, որը բողոքարկում է, հնարավորություն ունի ծանոթանալու այդ ցուցակներին և ինքնուրույն քաղվածքներ անելու։ Իրավունք չունի պատճենահանելու, որովհետև հենց դու պատճենահանում ես, դա պաշտոնական փաստաթուղթ է դառնում, որը բոլորին հասանելի է։ Արա քաղվածք, պաշտոնական փաստաթուղթը չհրապարակված, և բողոքարկի, խնդրե՛մ, արդեն այդ իրավունքը տրված է, ընդ որում արդեն մի քանի տարի, և դրանից ուղղակի պետք է օգտվել»,- ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը։
Բուն քվեարկությունը և քվեների հաշվարկն, ըստ ամենայնի, գոնե առաջիկա ընտրություններում էլեկտրոնային համակարգով չի իրականացվի։ «Այս փուլի վերաբերյալ դեռևս հարցեր ունենք, հարցերը գալիս են նաև փորձագետներից, որոնք նշում են, որ թեև այդ փուլը էլեկտրոնային դարձնելը օգտակար է և այլն, այնուամենայնիվ դրա համար պետք է բավականին մեծ ժամանակահատված, որպեսզի հասարակությունը ևս պատրաստ լինի և հասարակության մոտ ևս վստահություն լինի այդ գործընթացի նկատմամբ, այլ ոչ թե լինի անվստահության նոր աղբյուր»,- ասաց Հարությունյանը։
Նոր տեխնոլոգիաներն ընտրական գործընթացում իշխանությունների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ այսօր քննարկում էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները: Էլեկտրոնային քվեարկությունից ավելի ավագ խորհրդատու Ռիչարդ Լապինը կարևորում է քաղաքական կամքը։
«Մեր փորձից ելնելով կարող ենք ասել՝ պարտադիր չէ, որ քվեարկության էլեկտրոնային եղանակը ստեղծի վստահություն: Հաջողության համար ավելի շատ պահանջվում է ընտրական գործընթացների նկատմամբ արդեն առկա վստահությունը»,- ասաց Լապինը։
Եվրոպացի մասնագետները երեկ հանդիպել են խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների հետ։ «Ազատության» հետ զրույցում Լապինը հիշեցրեց իշխանություններին տրված հանձնարարականը՝ քաղաքական փոխհամաձայնությամբ ընդունել ընտրական նոր օրենսգիրքը։
«Սա առաջնահերթ հանձնարարականն է և, կարծում եմ, ողջ բարեփոխման անկյունաքարը: Առանց այս լայն կոնսենսուսի ավելի դժվար կլինի կատարել մյուս հանձնարարականներն ու վստահ լինել, որ փոփոխությունները լինելու են դրական»,- ընդգծեց ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչը։
Դավիթ Հարությունյանն ասում է՝ եթե կոնսենսուսի հիմքը լինի էլ, միևնույն է` գուցե չկայանա քաղաքական պատճառներով.- «Գաղտնիք չէ, որ շատ հաճախ անգամ ամենալավ առաջարկությունների վերաբերյալ հնչում է բացասական կարծիք, զուտ որովհետև այդ կարծիքը պաշտպանում է իշխանությունը։ Ես կարծում եմ, փորձագետների մասնակցությունը այդ տեսակետից շատ կարևոր է, որովհետև նրանք պրոֆեսիոնալ ձևով կգնահատեն՝ առաջարկությունը իրականում վտանգավոր է, թե՝ ոչ, լուծում է հիմնական մտահոգությունը, թե՝ ոչ։ Իսկ կոնսենսուսը արդեն, ցավոք, քաղաքական երևույթ է՝ ոչ միշտ հիմնված օբյեկտիվ տվյալների վրա»։
«Ազատության» դիտարկմանը, թե բացառված չէ՞, որ իշխանությունը առաջ գնա՝ առանց ընդդիմադիր ուժերի հետ կոնսենսուսի, Հարությունյանը արձագանքեց.- «Եթե համաձայնությունը չկայանա, բայց ես հուսով եմ, որ այն կկայանա»։
Իշխանությունները համաձայնության չեն գալիս հատկապես «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի հետ, որի անդամ Ավետիս Ավագյանը նորից պնդեց՝ քանի չեն մաքրվել ցուցակները ու չի գաղտնազերծվում, թե ով է մասնակցել քվեարկությանը, նոր տեխնոլոգիա կիրառվի, թե՝ հին, վստահությունը չի մեծանալու։
«Սրանք դեռ կարող է ավելի բարդացնեն, եթե դա պիտի կատարի ինչ-որ մարմին, որին հասարակությունը, ընդդիմությունը, քաղաքացիական սեկտորը իրավունք չունի մասնակցելու, մաս կազմելու, ես չեմ կարծում, որ դա վստահություն կավելացնի։ Ամբողջ հարցն այն է, թե արդյոք իշխանությունը ունի՞ կամք ազատ, արդար ընտրություններ անցկացնելու, թե՞՝ ոչ»։
Ըստ Սերժ Սարգսյանի հրամանագրի՝ նոր ընտրական օրենսգիրքը խորհրդարան պետք է բերվի մինչև մարտի 1-ը: