ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի մահվան կապակցությամբ

Բուտրոս Բուտրոս-Ղալի, մայիս, 2015թ.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա տիկնոջը՝ Լեա Բուտրոս-Ղալիին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Մեծ ցավով տեղեկացա Բուտրոս Բուտրոս-Ղալիի մահվան մասին: Նա մշտապես կհիշվի որպես 20-րդ դարի երկրորդ կեսի միջազգային հարթակի ամենահեղինակավոր անձանցից մեկը` որպես կարկառուն պետական գործիչ և փայլուն դիվանագետ, ով բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնեց Միավորված Ազգերի Կազմակերպության ղեկավարությունը, հմտորեն առաջնորդեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, անմնացորդ նվիրվածությամբ իր հարուստ գիտելիքներն ու փորձը ի սպաս դրեց աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատմանը և բարեկեցությանը: Ես պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու այս բացառիկ մարդուն` Բուտրոս Բուտրոս-Ղալիին, որի հետ հանդիպումներից մնացել են ամենաջերմ և վառ հիշողություններ»: