ԵՄ-ը չեղարկեց Բելառուսի նախագահի ու 169 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բրյուսելը, սակայն, ուժի մեջ թողեց զենքի մատակարարման արգելքը։

Եվրամիությունը չեղյալ հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև 169 բելառուսցի պաշտոնյաների նկատմամբ ավելի վաղ սահմանած պատժամիջոցները։ Այսուհետ նրանք կարող են իրենց միջոցները շրջանառության մեջ դնել եվրոպական բանկերում և ճամփորդել Եվրոպայում։

Բրյուսելը, սակայն, ուժի մեջ թողեց զենքի մատակարարման արգելքը և Բելառուսի չորս քաղաքացիների նկատմամբ սահմանած պատժամիջոցները, ովքեր, Եվրամիության պնդմամբ, առնչություն ունեն 1999-2000 թվականներին ընդդիմադիր գործիչների անհետացման հետ։

Շուրջ տասը տարի գործող պատժամիջոցների չեղարկման մասին որոշումն ընդունվեց նախօրեին Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում տեղի ունեցած նիստի ընթացքում։

2000-ականների կեսերին սահմանված պատժամիջոցները տարածվել էին մեծամասամբ այն անձանց վրա, ովքեր առնչություն էին ունեցել Մինսկում նախորդ նախագահական ընտրությունների շրջանում ընդդիմադիր հանրահավաքները ցրելու հետ։

Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երեկ նշել է, որ պատժամիջոցները չեղարկելու հիմնական պատճառը Բելառուսի քաղբանտարկյալների ազատ արձակումն է։

Անցյալ հոկտեմբերին, այն բանից հետո, երբ բելառուսցի վերջին քաղբանտարկյալը ազատ արձակվեց, Բրյուսելը չորս ամսով դադարեցրեց պատժամիջոցները։

Բելառուսի նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, հիշեցնենք, նախագահ Լուկաշենկոն «մարդասիրական մղումներից դրդված» որոշեց ներում շնորհել և բանտից ազատ արձակել ընդդիմադիր վեց գործիչների, այդ թվում՝ 2010 թվականի նախագահական ընտրություններում իր հակառակորդին՝ Նիկոլայ Ստատկևիչին։

Լուկաշենկոյի այս քայլը փորձագետները գնահատեցին որպես սովորական առևտուր։ «Այլևս որպես մրցակից չներկայացող քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո, միջազգային ֆոնդերը բացեցին իրենց դռները Բելառուսի առջև։ Բրյուսելը չեղարկեց պատժամիջոցները, և վերջապես Եվրոպայի վերջին բռնակալը սկսեց հետզհետե ընդունելի դառնալ Արևմուտքի համար», - նշում էին վերլուծաբանները։

Եվ չնայած Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը՝ այդ երկրում նախագահի հոկտեմբերյան ընտրություններից ի վեր որևէ փոփոխություններ չեն իրականացվել, վերջերս ավարտին հասցնելով իր փաստահավաք առաքելությունը՝ հայտարարել էր Բելառուսում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միկլոշ Հարաշտին։

«Իշխանությունները չեն դադարեցրել համակարգային հետապնդումները այն անձանց նկատմամբ, ովքեր փորձում են կյանքի կոչել իրենց քաղաքական, քաղաքացիական և այլ իրավունքները՝ չնայած Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների մասնակի չեղարկմանը», - ընդգծել էր Հարաշտին։