Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ցանկանում է բարելավել հարաբերությունները Բելառուսի հետ


ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի

Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններից ուղիղ մեկ ամիս առաջ Եվրամիության ղեկավարությունը հայտարարում է Մինսկի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին:

Եվրոպական միության ղեկավարները այս շրջադարձային քայլին որոշեցին դիմել այն բանից հետո, երբ Լուկաշենկոյի կառավարությունը օգոստոսի վերջին բանտերից ազատ արձակեց մի շարք քաղաքական բանտարկյալների:

«Քաղբանտարկյալների ազատ արձակմանն ի պատասխան և հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում, որոնց անցկացումը շատ կարևոր քայլ է լինելու, մեզ անհրաժեշտ է հստակ ազդակ հղել Բելառուսին. մենք ցանկանում ենք շարունակել մեր հարաբերությունների հետագա բարելավումը` փոխադարձ քաջալերման հիմքի վրա»,- երեկ երեկոյան Բրյուսելում հայտարարեց Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Ուշագրավ է, որ ըստ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցչի՝ Մինսկի և Բրյուսելի հարաբերությունների բարելավումը երկարատև պրոցես է հանդիսացել` զարգանալով ուկրաինական ճգնաժամին զուգահեռ:

«Եվրամիություն - Բելառուս հարաբերությունները սկսեցին բարելավվել 2014 թվականի սկզբից: Դրանք հետագայում է՛լ ավելի ակտիվացան 2015 թվականին` մի շարք դրական զարգացումների տեսքով: Դրանք էին Բելառուսի ակտիվ մասնակցությունը Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին, մարդու իրավունքների խնդրի շուրջ երկխոսության վերսկսումը և Բելառուսի կառուցողական դիրքորոշումը Ուկրաինայում ծավալված ճգնաժամի համատեքստում»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։

Մոգերինին նաև նշել է, որ Արևմուտքը խիստ դրական է գնահատում Բելառուսի որոշումը՝ թույլատրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդներին ժամանել երկիր և հետևել հոկտեմբերի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքին:

«400 կարճաժամկետ դիտորդներ պետք է ժամանեն Բելառուս՝ հետևելու ընտրությունների ընթացքին»,- հայտարարել է Մոգերինին:

Բայց քանի դեռ Բրյուսելում լավատեսորեն են հետևում Բելառուսում վերջին շաբաթներին ծավալված իրադարձություններին, տեղական ավանդական ընդդիմությունը կոչ է անում բոյկոտել առաջիկա քվեարկությունը: Ընդդիմադիրների համոզմամբ՝ ընտրությունները օրինական որևէ հիմք չունեն, քանի որ Լուկաշենկոն, խախտելով երկրի օրենքներն ու Սահմանադրությունը, հինգերորդ անգամ է առաջադրվում նախագահի պաշտոնում: Չնայած դրան՝ Լուկաշենկոն առաջիկա ընտրություններում հակառակորդների պակաս չի ունենա: Մի քանի ժամ առաջ Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց հոկտեմբերի 11-ի ընտրություններում առաջադրված չորս թեկնածուներին:

Լուկաշենկոյից բացի ընտրությունների կմասնակցեն 2001 և 2006 թվականների նախագահական ընտրություններում աննշան թվով քվեներ հավաքած լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Սերգեյ Հայդուկևիչը, բելառուս կազակների ատաման Նիկոլայ Ուլախովվիչն ու Բելառուսի պատմության մեջ առաջին կին թեկնածուն` Տատյանա Կորոտկևիչը:

Ըստ վերջին հարցումների՝ Լուկաշենկոյի հետ մրցելու քիչ թե շատ լուրջ հնարավորություններ ունի միայն մասնագիտությամբ հոգեբան, 2010 թվականից քաղաքացիական տարատեսակ շարժումների ակտիվ մասնակից, 38-ամյա Տատյանա Կորոտկևիչը: «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը տված հարցազրույցում ինքն իրեն «ժողովրդավարական թեկնածու» բնութագրող Կորոտկևիչը բավական բարձր էր գնահատում հաջողության հավանականությունը:

«Սոցիոլոգիական հետազոտությունները վկայում են, որ քաղաքացիների 30 տոկոսը պատրաստ է քվեարկել ժողովրդավարական թեկնածուի օգտին: Լուկաշենկոյի վարկանիշը այսօր, իհարկե, բավական կայուն է, սակայն եթե տնտեսական ճգնաժամը շարունակվի, նրա դիրքերը լրջորեն կթուլանան»,- հայտարարել է Կորոտկևիչը:

Ավանդական ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, նշում են՝ սոցհարցումներն ու վարկանիշերը ժամանակակից Բելառուսում որևէ նշանակություն չունեն: «Նախորդ ընտրությունների օրինակով, այս անգամ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի այն տվյալները, որոնք ձեռնտու են Լուկաշենկոյին»,- նշում են ընդդիմության առաջնորդները` կոչ անելով Կորոտկևիչին չմասնակցել և դրանով լեգիտիմիություն չհաղորդել ընտրություններին: Տատյանա Կորոտկևիչը կտրականապես մերժում է այդ պահանջները:

«Դա անհեռատես քայլ կլինի: Ընտրարշավը լքելով ես կօգնեմ Լուկաշենկոյին: Եթե գոյություն ունի այլընտրանք, դա արդեն իսկ վարչակազմին նետված մարտահրավեր է»,- ասում է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG