ՀԱԿ-ն ու «Նոր Հայաստան»-ը դեռ համաձայնության չեն եկել միասնական հանրահավաքի շուրջ

«Նոր Հայաստան»-ն ու «Հայ ազգային կոնգրես»-ն առայժմ համաձայնության չեն գալիս մարտի 1-ին միասնական հանրահավաք անելու շուրջ: Մեկնաբանելով Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե առանց Կոնգրեսի հետ քննարկման զուգահեռ հանրահավաք հայտարարելը կոպտագույն քաղաքական սխալ էր, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հորդորեց չսեփականաշնորհել մարտի 1-ի ողբերգությունը։

«Քաղաքական պայքարը, մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, հակազգային հարվածների օրը ոչ մեկի մենաշնորհը չէ։ Փոխանակ մեկը մյուսին քարոզ տա, մենաշնորհը, քաղաքացիական, հասարակական ուշադրությունը իր վրա բևեռի, որ հա՛, ես եմ, որ կամ, դուրս պիտի գանք այս պրիմիտիվ, գավառական, եսասեր մտայնությունից և հրապարակը դարձնենք համատեղ գործունեության դաշտ»,- ասաց Հովհաննիսյանը։

Քաղաքային իշխանությունները ընդդիմադիր երկու ուժերին էլ թույլ են տվել նույն օրը նույն ժամերին Ազատության հրապարակում ցույց անցկացնել: Կոնգրեսի հետ բանակցող Գարեգին Չուգասզյանը լավատես է, որ միասին ամբիոն կբարձրանան։

«Կարծում եմ, որ շաբաթվա սկզբում մենք հավանաբար դրական լուրեր կունենանք։ Եթե ոչ, էն ժամանակ կխոսեն»,- ասաց նա։

Մինչ այդ Երևանի քաղաքապետարանն արգելել է հրապարակում երեք ամսից ավելի շարունակվող շուրջօրյա նստացույցը՝ փետրվարի 26-ից սահմանափակելով գիշերային ժամերի հավաքները։

«Մի բան կարող եմ զգուշացնել պարոն Սարգսյանին և հանցագործ այդ ուղղահայացին, որը պարտավոր է փոխվել արտահերթ ռեժիմով։ Եթե կա բռնության փորձ մեր հրապարակի, մեր դրոշակի, մեր քաղաքացու նկատմամբ, մենք պիտի դիմակայենք ամբողջ ուժով»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը։

Հանրապետականի հետ դաշինք կազմելու Դաշնակցության ցանկությունը Րաֆֆի Հովհաննիսյանը «մեղսագործություն» որակեց: Իր գլխավորած «Ժառանգություն»-ն առայժմ որոշում չունի՝ մասնակցելո՞ւ է արդյոք հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին։

«Եթե այս տարի չփոխենք համապետական այս ապօրինի հանցագործ վիճակը, ես ոչ մի մխիթարանք պիտի չունենամ, եթե հանկարծ որոշեմ մասնակցել, որ ես և իմ մասնակցած քաղաքական ուժը մեկ առ մեկ հաղթեմ մյուսներին»,- ասաց Հովհաննիսյանը։

Ժիրայր Սեֆիլյանը ստացել էր լուրը, որ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում այօրվանից Գորիկ Հակոբյանին երիտասարդ կադր է փոխարինում։

«Ով էլ որ փոխարինի, ծառայությունը շարունակելու է դիկտատորի, ժողովրդի ձեռքից իշխանությունը զավթած գործչի՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելու գործին»,- ասաց նա։

«Նոր Հայաստան»-ն այս օրերին հանդիպումներ է անցկացնում օտարերկրյա դիվանագետների հետ, կեսօրին Ռուսաստանի դեսպանատանն էին եղել, Ազատության հրապարակում հավաքից հետո էլ Րաֆֆի Հովհաննիսյանին Միացյալ Նահանգների դեսպանն էր ընդունելու: Ընդդիմադիր ուժը երկրում ստեղծված իրավիճակն ու ելքերն է քննարկում դիվանագետների հետ: