Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան իր նստավայրում հյուրընկալել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին:
Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում խոսել է սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին, անդրադարձել Հայաստանի տնտեսական, արտաքին, ներքին քաղաքական խնդիրներին։ Թեև սպասվում էր, որ Սերժ Սարգսյանը անդրադառնալու է Դաշնակցության հետ մոտալուտ համագործակցությանը, սակայն նա այդ մասին իր ելույթում ոչինչի չի ասել։
Ելույթը ներկայացվում է մասնակի կրճատումներով։
Սահմանադրության փոփոխությունների նպատակի մասին
Սահմանադրական փոփոխությունները հերթական՝ այս կամ այն կառույցի կողմից պարտադրված կամ որևէ կառույցի անդամագրվելով պայմանավորված կամ էլ ինչ-որ մասնավոր հարցեր լուծելուն միտված փոփոխություններ չեն: Դրանք մեր առջև ծառացած մարտահրավերներ են, մեր քաղաքական կյանքը, մեր իրականության խնդիրները հաշվի առնող ու դրանց հաղթահարելուն ուղղված միջոց են: Ես համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում Սահմանադրությունը դառնալու է ազգային համաձայնության փաստաթուղթ:
Վստահ եմ, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն և ներքուստ բարդ: Այն կհամապատասխանի մեր հասարակության դինամիկ և բազմակողմանի զարգացող սոցիալական կառուցվածքին: Կարձագանքի ազատ, ապահովված, քննադատական մտածելակերպ ունեցող մարդկանց քաղաքական մշակույթին: Ինչպես շատ ժողովրդավարական պետություններում, քաղաքական պայքարի առաջնորդողները կլինեն կուսակցությունները: Կուսակցությունները և նրանց կոալիցիաները կկազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար: Նրանք կունենան քաղաքական մրցակցության տևական փորձ, պատասխանատու և իմաստալից փոխներգործություն ընտրողների հետ, միջկուսակցական համագործակցություն և սուր սոցիալական խնդիրների համար փոխզիջումային լուծումների տարբերակների որոնման գործելաոճ:
Քաղաքական համակարգը կբարեփոխվի և կբարելավվի քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ՝ պայմանով, որ լինի միջկուսակցական կոնսենսուս արտաքին քաղաքականության ռազմավարական սկզբունքների, սոցիալական կայունության, ազգային անվտանգության, սահմանադրական համակարգի հիմնարար դրույթների և ինքնիշխանության պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինքնակազմակերպման և ինքնակառավարման բոլոր ձևերի գոյության շուրջ: Նման կոնսենսուս գոյություն ունի գրեթե բոլոր ժամանակակից ժողովրդավարական երկրներում:
Կառավարման համակարգի կայունության մասին
Խիստ կարևոր է գիտակցել, որ նոր օրենսդրության և նոր ընտրությունների գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում կառավարման համակարգի կայունության ապահովումն է: Այդ պատճառով անհրաժեշտ է ունենալ Ազգային ժողովի այնպիսի ընտրակարգ, որը կերաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Միաժամանակ այն պետք է ապահովի նաև քաղաքական փոքրամասնության այնպիսի ներկայացվածություն, որը հնարավորություն կտա լիարժեքորեն իրականացնել խորհրդարանական փոքրամասնությանը վերապահված լիազորությունները:
Տեղեկացնեմ, որ մենք արդեն սերտորեն աշխատում ենք ընտրական գործընթացներում մասնագիտացած հեղինակավոր միջազգային կառույցների հետ Հայաստանում քվեարկության ժամանակակից մեխանիզմների ներդրման ուղղությամբ:
Քաղաքական կայունության ամենանշանակալի երաշխիքը քաղաքական-կուսակցական համակարգի շարունակական կայացումն է, հասարակության վստահության ամրապնդումը հասարակական-քաղաքական հոսանքների, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների հանդեպ: Մեր ընտրած պետական կառավարման խորհրդարանական մոդելը հենց դա էլ պարտադրում է: Վստահ եմ՝ ժամանակի հետ, գուցե մեզ համար էլ աննկատ, երկրում ձևավորվելու է քաղաքական նոր մշակույթ, երբ քաղաքական կուսակցությունների վարքագիծը կլինի զուտ մրցակցային, և անցյալում կմնան երկրի ներսում թշնամիներ փնտրելու արատավոր վարքագիծն ու սեփական հաջողությունը բացառապես այլոց ձախողման մեջ տեսնելու անհեռատես քաղաքական մտայնությունը:
Նույնիսկ ամենալայն աջակցություն ունեցող քաղաքական իշխանությունը պարտավոր է ականջալուր լինել հանրային տրամադրություններին, հասարակության սպասելիքներին՝ առաջնորդվելով հանրային պատվերով: Նույնիսկ ամենաինքնավստահ իշխանությունը չպետք է մերժի համագործակցությունը, ջանքերի մեկտեղումը բոլոր այն միավորների ու անհատների, ովքեր իրենց բաժին մասնակցությունն են ուզում բերել մեր պետականաշինության գործին: Մերժելի է մտածողությունը, թե մենք ավելի շատ ենք սիրում մեր հայրենիքը կամ ավելի հայրենասեր ենք, քան նրանք, ովքեր քաղաքական իշխանության մաս չեն կազմում կամ երբեմն ամենասուր ձևով քննադատում են մեզ: Բոլոր նրանք, բոլոր այն քաղաքական միավորները, ովքեր իրենց սեփական պատկերացումներն ունեն մեր երկրի հետագա ընթացքի, մեր ունեցած խնդիրների հաղթահարման ճանապարհների վերաբերյալ, պետք է հավասար հնարավորություն ունենան հայցելու հասարակության աջակցությունն ու կյանքի կոչելու իրենց ծրագրերը: Այս հարցում Սահմանադրության փոփոխություններով ամենալուրջ երաշխիքներն ապահովված են, և այն զուգորդվելու է մեր հաստատուն քաղաքական կամքի հետ:
Ակնհայտ է, որ այս գաղափարները կենսագործելու համար մեզ անհրաժեշտ է ոչ միայն ունենալ լավ ընտրական օրենսգիրք, այլև անցկացնել առավելագույնս ազատ, արդար ու վստահելի ընտրություններ: Ընտրական նոր համակարգը պետք է պատրաստ լինի տեղայնացնել սահմանադրական ամրագրում ստացած այնպիսի նորարարությունները, ինչպիսիք են լրիվ համամասնական ընտրակարգը, կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տեղեր հատկացնելը և այլն:
Խորհրդարանական ընտրությունների մասին
Ուզում եմ շեշտել, որ ապագա խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղը այսօր երաշխավորված չէ: Թող ոչ մեկը հույս չունենա, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու են հեշտ հաղթանակներ: Մենք որպես իշխող քաղաքական ուժ՝ կրում ենք նաև լրացուցիչ պատասխանատվություն ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակի համար: Ընտրությունները պետք է լինեն օրինակելի: Սա առաջին հերթին պետք է մեր ժողովրդին և պետությանը, բայց չպետք է մոռանալ, որ դրանով պայմանավորվելու է նաև մեր երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը: Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառությունները պետք է կատարվեն լիարժեքորեն: Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն, առավել ևս նրա ղեկավարը, շահագրգիռ է ավելի շատ քվե ունենալ, բայց ինձ համար շատ ավելի կարևոր են ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը, քան դրանց արդյունքները: Ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը պակաս հաղթանակ չեն և պակաս արժեք չեն մեր հասարակության համար:
Իմ հորդորն է բոլորին: Ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը մոռացե՛ք: Յուրաքանչյուրը զբաղվում է իր աշխատանքով, իր տեղում, բայց՝ կրկնապատկված եռանդով և պատասխանատվությամբ:
Երբ մենք առաջարկում էինք սահմանադրական փոփոխություններ, ելնում էինք այն համոզմունքից, որ նոր տարբերակն ավելի ժողովրդավարական է և ընդլայնում է Հայաստանի քաղաքացիների ազատությունների, հետևաբար և հնարավորությունների շրջանակը: Մենք այսօր նույն համոզմանն ենք: Ուրեմն, եկեք դա ապացուցենք գործով, իրական քայլերով: Ուրեմն եկեք կյանքի կոչենք մեր Սահմանադրությունը:
Պաշտոնյաների մասին
Անհավասարություն, անարդարություն, անպատժելիություն, հիասթափված ժողովուրդ, աղքատություն, արտագաղթ՝ սրանք ցանկացած պետության, այդ թվում Հայաստանի Հանրապետության համար մարտահրավերներ են: Մեր երկրին պետք են ոչ թե այս կամ այն ծրագրի չկայանալը հիմնավորող պաշտոնյաններ, այլ՝ ամեն գնով այդ ծրագրերն իրականացնող չինովնիկներ:
Մեզ պետք է ցանկացած հանրային նշանակության հարց սեփական բարօրությունից հարյուր անգամ բարձր գնահատող հանրային ծառայող:
Անել այն, ինչ կարողանում ենք, անել այնքան, որքան կարողանում ենք՝ սա որևէ հանրային ծառայողի համար չի կարող արդարացում լինել: Հանրային ծառայությունում պետք է ընդգրկվեն մարդիկ, ովքեր ունակ են անելու այն, ինչն անհրաժեշտ է:
Գաղտնիք չէ, որ այսօր ունենք մի միջավայր, երբ համայնքի ղեկավարից սկսած մինչև բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրա: Իշխանության բոլոր ճյուղերում էլ շատ մեծ տարածում ունեն «արդեն համաձայնեցված է», «արդեն որոշված է» արտահայտությունները: Ակնհայտ է, որ ակնարկն ուղղվում է մինչև իշխանության ամենաբարձր օղակ: Սրանով իրենց կարծիքով երկու կարևոր խնդիր է լուծվում.
1. հարցի լայն քննարկման սահմանափակում, այլընտրանքային գաղափարների մերժում և, հաճախ, անձնապես ձեռնտու տարբերակների անցկացում՝ սեփական անպարկեշտությունը ուրիշներին վերագրելով,
2. պատասխանատվության փոխանցում դեպի «վերին օղակ»՝ զերծ մնալով հնարավոր սխալների դեպքում քննադատության թիրախ դառնալուց:
Երկու հստակ դիտարկում ունեմ այս առիթով, որ ուզում եմ բոլորը լավ հիշեն.
1. նախ «վերևում» պատասխանատվությունից խուսափող և քննադատությունից վախեցող չկա,
2. հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց:
Հեղափոխության կողմնակիցների մասին
Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս շտապողականությունը և անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել: Միևնույն ժամանակ կհիասթափեցնեմ նաև նրանց, ովքեր գոհ են ստատուս քվոյից: Էական փոփոխությունները շարունակվելու են: Դրանք կլինեն աստիճանաբար, մտածված և փուլ առ փուլ, բայց կայուն և հետևողականորեն իրականացված:
Տաղանդավոր մարդիկ, որոնք ձգտում են ստեղծել նորն ու լավագույնը, այլ մոլորակից չեն գալու: Նրանք մեր կողքին են: Մենք՝ պետությունը, հասարակությունը և ընտանիքը, պետք է սովորենք գտնել, մեծացնել, դաստիարակել և պաշտպանել այդպիսի մարդկանց, ոչ թե շահարկենք երիտասարդ ու շնորհալի կադրերի առաջընթացը:
Կոռուպցիայի և դատարանների անկախության մասին
Ինչպես մեր քաղաքացիների հիմնական իրավունքները և ազատությունները, այնպես էլ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունեն: Նախևառաջ՝ պաշտպանություն կոռուպցիայից, որ ծնում է կամայականություն, անազատություն և անարդարություն: Մենք սկսել ենք ձևավորել այդպիսի պաշտպանիչ մեխանիզմ: Դրա կենտրոնական մասը պետք է լինի դատարանը: Մենք պետք է ձևավորենք ժամանակակից արդյունավետ դատարան, որը կգործի նորացված Սահմանադրության համաձայն և կհամապատասխանի ժամանակակից պատկերացումներին: Մենք նաև պետք է ձերբազատվենք օրենքի և դատարանի հանդեպ կասկածամիտ, երբեմն անգամ քամահրական վերաբերմունքից, որ դարձել է մեր տխուր «ավանդույթը»: Անհրաժեշտ է ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ գործող իրավապահ կառույցի համար՝ վճռականորեն ազատվելով խաբեբաներից: Իրավապահ մարմիններում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը պետք է բարձրացնենք որակական նոր մակարդակի: Անհրաժեշտ է վերացնել անօրինական ազդեցությունը դատական ակտերի վրա, ինչպիսի գաղափարներով էլ թելադրված լինի այն: Այստեղ էլ մենք առաջընթաց ունենք, բայց ավարտին հասցնել է պետք գործընթացը: Ի վերջո, դատական համակարգը ինքնուրույն կարող է հասկանալ՝ որն է պետության շահը, և որն է կոռումպացված վարչարարի կամ գործարարի եսասիրական շահը: Անհրաժեշտ է սովորույթի մակարդակի հասցնել հարգանքը քաղաքական մշակույթի հանդեպ, հարգանքը օրինապահության, ուրիշների իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի հանդեպ: Հենց դատարաններն են հասարակական աջակցության շնորհիվ առաջին հերթին կոչված ազատելու երկիրը կոռուպցիայից: Դա, իհարկե, բարդ խնդիր է: Սակայն լուծելի: Այլ երկրներում այս խնդիրը լուծել են:
2012 թվականին ստեղծված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մեր երկրում պատասխանատու, սակայն մարտահրավերներով լի առաքելություն ստանձնեց՝ ապահովելով պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հրապարակայնությունը, ինչպես նաև նրանց գործունեության թափանցիկությունը:
Այս համատեքստում ժամանակավրեպ չի լինի, եթե խոսենք շահերի բախման դեպքերի բացահայտման և կանխարգելման առավել արդյունավետ գործիքների ստեղծման անհրաժեշտության մասին: Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը, կարծում ենք, նոր լիցք կհաղորդի այս կարևորագույն գործին՝ ապահովելով առաջադրված բարդ խնդիրների լուծման միջոցների համարժեքությունը:
Արտաքին քաղաքական մարտահրավերների մասին
Անշուշտ, Հայաստանի իրավիճակի քննարկումը հնարավոր չէ առանց արտաքին աշխարհի ազդեցությունը հստակ գնահատելու:
Սակայն այստեղ պետք է հստակ գնահատենք արտաքին ազդակների տեղն ու դերը: Այո՛, մեր անմիջական արտաքին միջավայրը բարդ է, խճճված և հաճախ խիստ հակասական ու դժվարությունն այն է, որ շատ պարագաներում այդ միջավայրը նաև անկանխատեսելի է: Բացի դրանից, Հայաստանը համաշխարհային տնտեսական համակարգի մաս է կազմում, ուստի և չի կարող խուսափել նաև համաշխարհային շուկայի ազդակներից:
Սակայն դա բնավ չի նշանակում, որ մենք այդ ամենի հետ պետք է համակերպվենք: Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է: Մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն:
Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը շատ լավ գիտենք բոլորս և գիտենք վաղուց: Սակայն փաստն այն է, որ տարիներ շարունակ նրանց իրականացրած քաղաքականությունն այն արդյունքը չի տվել, որ իրենք կցանկանային տեսնել: Նրանք մեզ հետ փորձել են խոսել սպառնալիքի, պարտադրանքի և ուժի դիրքերից: Այդ ձևով մեզ հետ խոսելն անհեռանկար է և որևէ արդյունք չի տալու, ինչպես չի տվել մինչև այսօր:
Արցախի հարցի շուրջ բանակցությունները շարունակվելու են: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախի խնդիրը լուծվում է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են դրանից և իրենց տրամաբանական ու արդար լուծումն են գտնելու այդ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այդ հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում գտնել չի կարող:
Որևէ առաջընթացի հնարավորություն այս պահին չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում:
Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք և հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում և չենք կապելու:
Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից և Մարտունուց դեպի արևելք և Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք: Մինչև հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է:
Մեր մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բարիդրացիական մթնոլորտում: Ակնհայտ է, որ այստեղ մենք որևէ խնդրի չենք բախվել: Այս երկրների հետ փոխգործակցությունը մեզ համար թանկ է, և մենք նույն ոգով շարունակելու ենք աշխատել Թբիլիսիի և Թեհրանի հետ:
Ընդհանուր առմամբ, մեր արտաքին քաղաքականությունը կանխատեսելի է և մշտապես հեռու է մնացել որևէ արկածախնդրությունից: Մենք մշտապես հանդես ենք եկել բոլորի հետ դրական և փոխադարձ հարգանքի, վստահության ու շահի հիման վրա ստեղծված հարաբերություններ ձևավորելու օգտին: Մենք երբեք չենք փորձել գործել մեծ տերություններին և կարևոր աշխարհաքաղաքական կենտրոնների հակադրությունների դաշտում, չենք փորձել էժանագին ու կարճաժամկետ այսրոպեական օգուտ ստանալ այդ ուժերի հակասություններից:
Այժմ եկել է այս ամուր հիմքի վրա ևս մեկ քայլ առաջ կատարելու ժամանակը: Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը և բոլոր դիվանագիտական առաքելություններին նոր եռանդով լծվել Հայաստանի տնտեսական շահերն առաջ մղելու գործին:
Առաջին հերթին, այստեղ հստակ խնդիր է դրվել ներգրավելու նոր արտաքին ուղիղ ներդրումներ: Դրանք կարող են լինել ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են այստեղ, ինչպես նաև արտաքին ներդրողների շահերից բխող հնարավոր տարբերակներ՝ իրենց նախաձեռնությամբ: Կրկին պնդում եմ, որ լուրջ ծրագրերի առկայության պարագայում մենք պատրաստ ենք ստեղծել դրանց համար հնարավոր ամենաբարենպաստ պայմանները:
Երկրորդ, անհրաժեշտ է նոր շուկաներ և ուղղություններ գտնել Հայաստանում արտադրվող ապրանքատեսակների և ծառայությունների համար: Այստեղ ևս պետք է հստակ գնահատենք, թե որոնք են ամենահեռանկարային ուղղությունները:
Անշուշտ, արտաքին գործերի նախարարությունն այս հարցերի շրջանակի միակ և առաջին պատասխանատուն չէ: Ուստի և այստեղ խիստ կարևոր է դառնում դիվանագետների համադրված աշխատանքն էկոնոմիկայի նախարարության և համապատասխան մյուս գերատեսչությունների հետ: Այս բնույթի միջգերատեսչական համագործակցության և տեղեկատվության փոխանակման արդյունավետ մեխանիզմների մասին մենք դեռ առանձին խոսելու ենք: