Մամեդյարով. «Մենք ուսումնասիրում ենք Նուլանդի դերակատարությունը Ուոլթերի զեկույցի տապալման գործում»

ԵԽԽՎ նիստ, արխիվ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հանձնարարել է Վաշինգտոնում իր դեսպանության աշխատակիցներին ուսումնասիրել այն դերակատարությունը, որ ունեցել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, մասնավորաբար Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը` բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քվեարկության դրված հայտնի բանաձևի տապալման գործում: Այս մասին երեկ Բաքվում՝ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստյոմի հետ անցկացրած համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

«Ադրբեջանի դեսպանությունն այժմ ակտիվորեն աշխատում է Կոնգրեսի և Սպիտակ տան հետ: Երբ հստակ արդյունքներ լինեն, հանրությունը մանրամասնորեն կիրազեկվի դրանց մասին»,- հայտարարում էր Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և հարակից ադրբեջանական տարածքների օկուպացիայի մասին» ձևակերպումներ պարունակող երկու բանաձևերից մեկի տապալման գործում Վիկտորիա Նուլանդի ունեցած ակտիվ դերակատարության մասին երկու օր առաջ Լոս Անջելեսի հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել էր Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Թե՛ այդ տարածաշրջանով զբաղվող դեսպաններից մեկն, ում հետ ես խոսել եմ քվեարկությունից առաջ, և թե՛ Վիկտորիա Նուլանդը ակտիվորեն աշխատում էին այդ բանաձևի ընդունման դեմ: Որքանով ինձ է հայտնի՝ պայքարը բավական թեժ էր: Անկեղծ ասած, ես շատ ուրախ եմ, որ այդ բանաձևը [քվեարկությամբ] պարտվեց: Այնտեղ, իհարկե, կար նաև երկրորդ բանաձևը, որ վերաբերում էր տարածաշրջանում ջրի օգտագործմանը: Այդ մի բանաձևը ևս բավական վնասակար ձևակերպումներ էր պարունակում և ընդունվեց: Բայցևայնպես, կարող եմ արձանագրել, որ առավել ապակառուցողական փաստաթուղթը պարտվել է», - նշում էր Շիֆը:

Վերադառնալով Շվեդիայի արտաքին գործերի նախարարի` Բաքվում անցկացրած բանակցություններին, նշեմ, որ դրանց առանցքային թեմաներից մեկը կրկին Լեռնային Ղարաբաղի հարցն էր: Մարգոտ Վալստրյոմը երեկ Բաքվում կրկնեց միջազգային հանրության կողմից շարունակաբար հնչեցվող տեսակետը` հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի:

«Համաձայնություն է առկա, ըստ որի այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Միանշանակորեն անհրաժեշտ է այս խնդրի քաղաքական հանգուցալուծումը: Մենք ողջունում ենք բարձր մակարդակում անցկացվող հանդիպումների ակտիվացումը` այդ թվում Մինսկի խմբի համանախագահների հետ», - հայտարարում էր Վալստրյոմը:

Շվեդիայի արտաքին գործերի նախարարը նաև նշում է, որ Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում կողմերը չեն շրջանցել նաև «Արևելյան գործընկերության» ծրագրում Ադրբեջանի հետագա մասնակցության ձևաչափի հարցը: Մարգոտ Վալստրյոմի ադրբեջանցի գործընկերոջ խոսքից էլ պարզ դարձավ, որ Ադրբեջանը ցանկանում է հետևել Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի օրինակին` Եվրամիության հետ քննարկելով ազատ վիզային ռեժիմի սահմանման հեռանկարը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Ադրբեջանի շարքային քաղաքացիները կարողանան իրենց անձնագրերով ազատորեն մեկնել Եվրամիության երկրներ: Մենք Եվրամիության հետ արդեն իսկ վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագիր ենք ստորագրել: Դա, սակայն, մեր համոզմամբ բավարար չէ», - պնդում էր Մամեդյարովը: