Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայատան - Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Բալթյան երկրների իր գործընկերների՝ Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Լատվիայի պատվիրակության ղեկավար Ինես Լիբինա-Էգների, Լիտվայի Սեյմասի Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբի ղեկավար, ԵԽԽՎ-ում Լիտվայի պատվիրակության անդամ Դալիա Կուոդիտեի և Էստոնիայի Ռիիգիկոգուի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Մատի Ռայդմայի հետ։
Հայաստանի ԱԺ փոխնախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Շարմազանովը բարձր է գնահատել Բալթյան երկրների խորհրդարանականների վարքագիծը երեկ ԵԽԽՎ լիագումար նիստին Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», ինչպես նաև բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական բանաձևերի նախագծերին դեմ քվեարկելու հարցում:
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ խորհրդարանականների քվեարկությունը ցույց է տվել, որ կողմնակից են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և մերժում են Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները:
ԱԺ փոխնախագահը Ինես Լիբինա-Էգների, Դալիա Կուոդիտեի և Մատի Ռայդմայի հետ հեռախոսազրույցներում վերահաստատել է Հայաստան այցելելու իր հրավերները: