Օմբուդսմենի պաշտոնը թափուր է արդեն մեկ շաբաթ, սակայն նոր թեկնածու առաջարկելու կարգը հստակ չէ:
Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ որոշել են լրացնել այդ բացը․ նոր օմբուդսմենի թեկնածությունը, նրանց հեղինակած նախագծի համաձայն, խորհրդարանին պետք է ներկայացնի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը՝ անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկով:
Այս հանձնաժողովի 12 անդամների ուղիղ կեսը իշխող կուսակցության ներկայացուցիչներն են, մյուս հինգ խմբակցությունները ներկայացված են մեկական պատգամավորով: Որևէ թեկնածության շուրջ համաձայնության չգալու դեպքում ընդդիմադիր ուժերը, ըստ ներկայացված նախագծի, կզրկվեն թեկնածու առաջադրելու հնարավորությունից:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընդդիմադիր «Ժառանգություն»-ը ներկայացնող Զարուհի Փոստանջյանի կարծիքով, թեկնածու առաջադրելու հնարավորություն պետք է ընձեռվի ընդդիմադիր յուրաքանչյուր խմբակցության․ - «Ի սկզբանե այնպիսի պայմաններ են ստեղծում, որպեսզի դու չունենաս հնարավորություն քո այլընտրանքը ներկայացնելու: Կանխում են, որպեսզի հանկարծ որևիցե մի անձ, որը ներկայացնում է իրապես լայն հանրությունը, իրապես հանրային շահը, այստեղ հնարավորություն չունենա հաստատվելու որպես Մարդու իրավունքների պաշտպան»:
Փոստանջյանի համոզմամբ՝ նոր օմբուդսմենի թեկնածությունը խորհրդարանին պետք է առաջարկեր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որտեղ ընդդիմությունը մեծամասնություն ունի՝ 11 անդամներից միայն երեքն են ՀՀԿ-ական․ - «Մարդու իրավունքների հանձնաժողովը հնարավոր է, որ այնպիսի դիրքորոշում ցուցաբերեր, որը իրենց համար ընդունելի չէր լինի, և իրենց դուրը չէր գա, և իրենց ծրագրերին համահունչ չէր լինի: Այդ իսկ պատճառով էլ նրանք ևս մեկ անգամ իրենց ապահովագրում են»:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ՝ սա վերջնական որոշում չէ, քննարկումները դեռ առջևում են․ - «Եթե կլինեն էս շեմից ավելի լավ առաջարկներ, մենք ինքներս ունենք որոշակի մոտեցումներ, կքննարկենք և էն ժամանակ անպայման նաև կփորձենք էդ խնդրին անդրադառնալ: Ինչո՞ւ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը․․․ Սահմանադրական օրենքների քննարկումը և կազմակերպումը, կարծես թե, մեծ մասամբ հենց մեր հանձնաժողովին է վերաբերում: Եվ այստեղ մարդու իրավունքների կամ ազատությունների վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում չի եղել․ այս սահմանադրական մարմնի, այդ ինստիտուտի ձևավորման կարգն է»:
Սահակյանի խոսքով՝ հանձնաժողովը կարող է քննարկել մի քանի թեկնածություն, բայց խորհրդարանին պետք է առաջարկի միայն մեկը: Ինքնառաջադրումներ չեն կարող լինել:
Հովհաննես Սահակյանը մի քանի օր առաջ ասում էր, թե Հանրապետականը Մարդու իրավունքների պաշտպանի մի քանի թեկնածու ունի: Հարցին՝ կողմորոշվե՞լ են, թե ում են առաջադրելու, արձագանքեց, թե քննարկումները դեռ շարունակվում են․ - «Մենք պետք է այս Մարդու իրավունքների պաշտպանի մոտեցումներով, դեմքով, տեսակով փորձենք ձևավորել մի մոտեցում, որ անցել են էն ժամանակները, որ ընդդիմադիրը պետք է անպայման ամենավատ գույներով սևացնի, որ դառնա ընդդիմություն, Մարդու իրավունքների պաշտպանը ամեն տեղ պետք է մարդու իրավունքների ոտնահարում գտնի, որ լինի լավ Մարդու իրավունքների պաշտպան․․․ Մենք պետք է հասկանանք, որ եկել է մի ժամանակ, որ կոնկրետ կառուցողական գործ է պետք անել»:
Նրա փոխանցմամբ՝ նախագիծը Ազգայի ժողովում կքննարկվի գալիք երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայի ընթացքում, Մարդու իրավունքների նոր պաշտպանին կընտրեն մինչև փետրվարի վերջը: