Երևանում ցուցարարները բրիտանացի պատգամավորին մեղադրեցին Ադրբեջանի կողմից «գնվելու» մեջ

Մի խումբ ցուցարարներ այսօր Բրիտանիայի դեսպանատան միջոցով ցանկանում էին խավիար փոխանցել ԵԽԽՎ-ում քննարկվելիք ոչ հայանպաստ զեկույցի հեղինակ, բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերին։ Նրանք պնդում էին, որ վերջինս հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ և իրավունք չունի միջամտել Ղարաբաղյան հարցին։

«Կարմիր խավիար են իրենք նախընտրում, թե սև խավիար՝ այդպիսի գործարքների մեջ երբեք չենք եղել Բրիտանիայի հետ, դրա համար գնել ենք երկու խավիարի բանկա և փոխանցելու ենք իրենց մեր վրդովմունքի հետ միասին։ Ի՞նչ իրավունք ունի այլազգի պատգամավորը, ով չի իմանում՝ ինչ է նշանակում հայրենի հող կորցնելը, Եղեռնից մազապուրծ լինելը և միշտ Արարատի մասին երազելը Արարատից այն կողմ...»,- իր վրդովմունքը փոխանցեց ցուցարարներից մեկը։

Բողոքի ցույցի մի քանի տասնյակ մասնակից երիտասարդներ Մեծ Բրիտանիայի իշխանություններից պահանջում էին ետ կանչել Ուոլթերին ԵԽԽՎ-ից։ Նրանք նաև նամակ էին ցանկանում փոխանցել դեսպանին։

«Ակնհայտ է, որ Մեծ Բրիտանիայի պատգամավորին Ադրբեջանը կարողացել է գնել խավիարային իր դիվանագիտության միջոցով։ Եվ այդ պատճառով է, որ ԵԽԽՎ-ում այսօր պատրաստվում են քննարկել միակողմանի զեկույցներ, որոնք բխում են միմիայն Ադրբեջանի շահերից։ Այսպիսով «Հանուն օրենքի» հասարակական շարժման ակտիվիստները պահանջում են չեղյալ հայտարարել Բրիտանիայի պատգամավորի կողմից ԵԽԽՎ-ում ներկայացված հակահայկական զեկույցը»։

Երիտասարդները կոչ արեցին բրիտանացիներին մինչ Ղարաբաղի հարցով զբաղվելը նախ իրենց երկրում Շոտլանդիայի և Իռլանդիայի խնդիրները լուծել։

Քիչ անց նամակը վերցնելու համար ցուցարարներին մոտեցավ փոխդեսպան Ամիաս Մուրզը։ Ասաց, որ մտահոգությունները կփոխանցի իրենց կառավարությանը, նամակը վերցրեց, խավիարը մերժեց։

«Մեր դեսպանը բուսակեր է»,- հայտնեց Մուրզը։

Փոխդեսպանը ասաց, որ իրենք չեն կարող ազդել պատգամավորի վրա, որ նա ետ վերցնի զեկույցը, քանի որ իրենց ժողովրդավարական համակարգն է այդպիսին։ Փոխարենը հրավիրեց դեսպանի հետ հանդիպման, ինչը երիտասարդները մերժեցին։

«Իրեն հասկացրեցինք, որ ինչ տեղի կունենա, եթե վաղը այդ զեկույցը ընդունվի։ Տեղի կունենա այն, որ ԵԽԽՎ-ն յուրաքանչյուր հասկացող մարդու աչքերում ուղղակի ոչ մի արժեք չի ներկայացնի, վարկանիշը կիջնի զրոյի ոչ միայն Հայաստանում, այլ միջազգային հարթակներում»,- ասաց «Հանուն օրենքի» հասարակական շարժման ներկայացուցիչը։

Ցույցի ավարտին ակտիվիստները ռուսական խավիարները թողեցին դեսպանատան մուտքի մոտ՝ խոստանալով վերադառնալ զեկույցների քննարկումից հետո։