ԼՂ խորհրդարանի փոխխոսնակ Վահրամ Բալայանի (ՀՅԴ) խոսքով՝ վեհաժողովը չի կարող անտարբեր մնալ իրենց մտահոգություններին․ - «Մենք՝ որպես այս երկիրը ներկայացնող պատգամավորներ, գտնում ենք, որ այս կազմակերպությունը կոչված է թե՛ մարդու իրավունքները պաշտպանելու, թե՛ ընդհանրապես տարածաշրջանում խաղաղությունը պաշտպանելու»:
Գալիք երկուշաբթի մեկնարկող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկվելիք Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձևերի նախագծերում մի շարք վիճահարույց ձևակերպումներ կան: Կոչ է արվում, օրինակ, «հայկական զինուժը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից», ինչպես նաև «այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»:
«Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքը սատարող բանաձևերի ընդունումը», - ասված է հայտարարության մեջ, - «Բաքվի իշխանություններին ոչ միայն հնարավորություն կտա շարունակել լարվածության նվազեցման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների անտեսումը, այլև կարող է ընկալվել որպես հակամարտությունն ուժային մեթոդներով լուծելու քարտ-բլանշ»:
Վահրամ Բաբայանն ասում է, որ այս հայտարարությամբ իրենց խոսքն են փոխանցում միջազգային հանրությանը․ - «Անկախ նրանից այդ ամենը նրանք հաշվի կառնեն, թե հաշվի չեն առնի, որպես ժողովրդի կողմից ընտրված մարմին՝ մենք պարտավոր ենք մեր ժողովրդի ձայնը բարձրացնել բոլոր մարմիններում»:
ԼՂ խորհրդարանի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի խոսքով՝ ընդունվելու դեպքում այդ բանաձևերը Ադրբեջանի համար լավագույն դեպքում կարող են քարոզչական նշանակություն ունենալ, բայց ոչ գործնական:
Խանումյանը, այդուհանդերձ, կարծում է, որ այդ բանաձևերի դեմը պետք է առնել․ - «Բանաձևերի ի հայտ գալը զուգակցում է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության», ուր ներառում է տարբեր երկրների պատվիրակներին դնելու, զեկույցներ պատրաստել տալու մեջ, և Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայաստանի ընդհանրապես միջազգային վարկի իջեցմանը»:
Վահրամ Բալայանի փոխանցմամբ՝ ԼՂ խորհրդարանական պատվիրակություն չի մեկնի Ստրասբուրգ:
Բայց համատեղ հայտարարությունը, ըստ Խանումյանի, որպես երկրորդ հայկական կարծիք, հայաստանյան պատվիրությունը կներկայացնի վեհաժողովի պատվիրակներին․ - «Դա հենց այնպես, հայաստանյան մամուլի համար արված հայտարարություն չէ, դա ընդհանուր աշխատանքի մաս է, որը նաև կհասնի պատվիրակներին, ովքեր պետք է առաջիկա օրերին քվեարկեն բանաձևերին կողմ կամ դեմ»: