Անցած հուլիսին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով ձերբակալվել է նրա բժշկուհին՝ Շուշանիկ Բախշյանը։
Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհին ձերբակալվել է երեկ և հղի կնոջ մահվան փաստով հարուցված քրեական գործում ներգրավվել է որպես կասկածյալ։
26-ամյա Մերի Մարգարյանի հարազատները բժշկուհուն են մեղադրում կնոջ և նրա նորածին երեխայի մահվան մեջ՝ պնդելով, թե Բախշյանը հրաժարվել էր հոսպիտալացնել չորս օր ջերմող հղիին, ով հուլիսի 29-ին՝ կեսարյան հատումից հետո մահացել էր HELLP համախտանիշի՝ երկկողմանի թոքաբորբի հետևանքով։
Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, կատարվել մի շարք այլ քննչական գործողություններ։
Ստացված հանձնաժողովային փորձաքննության թիվ 197/հձ եզրակացության համաձայն՝ 2015թ. հուլիսի 24-ին և 25-ին հիվանդանոցում Մերի Մարգարյանի զննությունից հետո` ջերմության առկայության պայմաններում, (նաև անամնեզում ջերմության առկայությունը բարձր թվերի վրա) հիվանդին չհոսպիտալացնելը չի եղել հիմնավորված:
Ինչ վերաբերում է Մերի Մարգարյանի բուժօգնության և հետազոտությունների ընթացքում թույլ տրված բացթողումների և Մերի Մարգարյանի ու նորածնի մահվան պատճառական կապին, ապա հանձնաժողովը նշել է, որ հուլիսի 27-ին, ժամը 09:00-ին, հիմք ընդունելով արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքները (որոնց զարգացման պատճառները եղել են հղիության հետ կապված), և որ նշված փոփոխություններն ընթացել են արագընթաց՝ պետք է հնարավորինս ավելի շուտ կատարվեր ծննդալուծում, այդ թվում՝ կեսարյան հատման միջոցով:
Ըստ փորձագետների՝ նշված բուժօգնության ցուցաբերման դեպքում Մերի Մարգարյանի և նորածնի փրկվելու հավանականությունը կլիներ ավելի մեծ: