Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ծննդկանի մահվան դեպքի առթիվ։
Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «2015 թվականի հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանը 2 օր անց մահացել է: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մ․ Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շ. Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները։ Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մ. Մարգարյանը 2015 թ․ հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը»:
Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան պատճառները։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է Երևանի քննչական վարչության վարույթում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցներ՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում: