ԱՆ քրեակատարողական վարչությունը վստահեցնում է՝ Սաֆարյանի կյանքին վտանգ չի սպառնում

Գևորգ Սաֆարյան, արխիվ

Ոստիկանի դեմ բռնություն կատարելու մեղադրանքով կալանավորված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա իր խցի պայմաններից դժգոհ չէ, «Ազատությանը» փոխանցեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից:

«Այս պահի դրությամբ ինքը տեղափոխվել է այլ խուց, հացադուլի մեջ չէ, կյանքին և առողջությանը, ինչպես անընդհատ բարձրաձայնում են, վտանգ չի սպառնում, խցային պայմաններից և խցակիցներից էլ դժգոհ չէ», - փոխանցեց վարչության աշխատակիցը։

Երեկ երեկոյան Սաֆարյանի հետ հանդիպումից հետո ակտիվիստի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ահազանգել էր, որ Սաֆարյանի կյանքը կալանավայրում գտնվում է լրջագույն վտանգի տակ՝ պնդելով՝ կյանքի ու մահվան հարց է:

«Գևորգի համար և Գևորգի բառերով՝ դա հավասարազոր է կա՛մ ինքնասպանության, կա՛մ ինչ-որ բռնություն էր լինելու, ինքը, եթե կարող էր ինքնապաշտպանվել, ինքնապաշտպանվի, կա՛մ բռնություններն այնքան խիստ կարող են լինել, որ ինքն իրեն վնաս տա։ Մանրամասն հիմնավորել է, թե ինչու է իր կյանքին վտանգ սպառնում, ինչու են հանցագործ աշխարհի մարդիկ իրեն ընդունում որպես ոստիկան և ինչու իրեն չեն թույլատրում [մնալ] իրենց հետ նույն խցում»,- ասել էր Հայրապետյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Սաֆարյանն ասել է, որ երեկ իրենց խուց են եկել կալանավայրի աշխատակիցներն ու ասել, որ բոլոր կալանավորներին տարբեր խցեր են տեղափոխում, ակտիվիստին տեղափոխել էին մի խուց, որն, ըստ նրա, գտնվում է քրեական տարրերի ազդեցության ներքո:

Փաստաբանի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում Սաֆարյանին յոթ-ութ խուց են տեղափոխել: Ակտիվիստը մի քանի անգամ արդեն հացադուլ էր հայտարարել, որպեսզի իրեն առանձին խուց տեղափոխեն: «Նոր Հայաստան» քաղաքական շարժման ակտիվիստի պնդմամբ՝ իրեն փորձում են ճնշել:

«Գևորգը հենց սկզբից մտավախություն ուներ, որ սա նրա համար է, որ իրեն հեռացնեն քաղաքական դաշտից ու քրեածին տարրերի ձեռքով, հանցավոր աշխարհի ձեռքով, իր կյանքին վտանգ սպառնա»,- ասել էր Հայրապետյանը։

Փաստաբան Հայրապետյանը երեկ «Ազատությանը» տեղեկացրեց նաև, որ ինքը միջնորդել է դատախազությանը փոխել ակտիվիստի խափանման միջոցն ու ազատել կալանքից. բավարարվել է արդյոք միջնորդությունը՝ դեռ պարզ չէ.- «Ասացին՝ այո, որոշում կա, խնդրեցի, ասացի՝ կարո՞ղ եմ գալ վերցնել, ասացին՝ չէ, մենք Ձեզ կփոխանցենք, խնդրեցի, որ գոնե ասեն՝ բավարարվել է, թե՝ մերժվել է, ինձ չպատասխանեցին»։

Սաֆարյանի եղբոր փոխանցմամբ՝ ակտիվիստի ծնողները այսօր պետք է այցելեն նրան: