Մատչելիության հղումներ

Օսիպյան․ Ամանորի գիշերը ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառել


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զրուցում է լրագրողների հետ, 13-ը հունվարի, 2016թ․
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զրուցում է լրագրողների հետ, 13-ը հունվարի, 2016թ․

Իսկ հունվարի 13-ին «Նոր Հայաստան»-ի տոնածառներով երթի ժամանակ իրավապահները, Երևանի փոխոստիկանապետի խոսքով, հանդուրժողականություն դրսևորեցին։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի պնդմամբ՝ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ոչ թե ոստիկանական բռնություններ, այլ համաչափ ուժ է գործադրվել։ Միջադեպի պահին հրապարակում հերթապահած բարձրաստիճան ոստիկանը «Ազատության» հետ զրույցում հակադարձեց ակտիվիստների բողոքին, թե ոստիկանները ծեծել են իրենց։

«Ասելը քիչ է, գնահատականներ չտաք՝ ո՛չ դուք, ո՛չ ես։ Ոստիկանությունը ուժ է կիրառել, ուժը համաչափ է, և ուժ կիրառելը օրենքով է նախատեսված», - ասաց Օսիպյանը։

Հատուկ քննչական ծառայությունը, մինչդեռ, կալանավորված Գևորգ Սաֆարյանի և ևս հինգ ակտիվիստների բողոքի հիման հարուցել է քրեական գործ՝ ոստիկանի կողմից բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով։

Իրավապահներն այդ օրը ընդդիմադիր «Նոր Հայաստան»-ի անդամներին թույլ չէին տվել արհեստական փոքրիկ եղևնի բերել հրապարակ։

«Հարցը ստեղ տոնածառը չէ, տոնածառն այն առարկան կամ իրն է, որը չի առնչվում հավաքի հետ: Իսկ այսօրվա ակցիան դա այլ ակցիա է, որը իրազեկված չէ և, ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի, ոստիկանությունը թույլատրեց, նաև դրսևորեց հանդուրժողականություն՝ հաշվի առնելով, որ կարող է նաև լարվածություն լինի մեր քաղաքացիների նկատմամբ։ Ամեն դեպքում, մենք գործում ենք օրենքի շրջանակներում։ Ոստիկանությունը միշտ է հանդուրժող և 31-ի գիշերն էլ է գործել օրենքով և հանդուրժողականությամբ», - ասաց Օսիպյանը։

«Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը նույնպես այդ գիշեր հրապարակում է եղել և տրամագծորեն հակառակ պատկերն է նկարագրում. - «Բռնություններ եղել են, ուժի գործադրումը եղել է անհամաչափ։ Ոստիկանությունը ինքն է որոշում, թե քաղաքական ակցիաների համար որ իրերն են, որոնք ակցիայի շրջանակներում տեղավորվում են, որոնք՝ ոչ»։

Ժիրայր Սեֆիլյանն ավելի հեռուն գնալով ասում է, թե ոստիկանական այդ օրվա գործողությունը միանգամայն այլ նպատակ ուներ.- «Այս համակարգը դեկտեմբերի 1-ից, բայց մասնավորապես դեկտեմբերի 31-ից ամեն ինչ արեց, որ մենք չլինենք։ Բառի բուն իմաստով չլինենք։ Այսօր շատերի հաշվարկով մենք չպետք է լինեինք։ Մեզնից շատերը պետք է լինեին բանտերում, գուցե ֆիզիկապես մեզնից շատերը ընդհանրապես չլինեին։ Միայն մեր լինելիության երևույթը, վստահեցնում եմ, բավարար է, որ այս համակարգից մենք ձերբազատվենք։ Համակարգի փլուզումը շատ շուտ է, մեզնից մնում էր միայն դիմանալ»։

Ընդդիմադիր գործիչների խոսքով՝ ոչ մեկ մետրանոց տոնածառը, ոչ էլ եղևնու հանդերձանքով երիտասարդը չէին կարող հանրությանը, առավել ևս երկրի պետականությանը սպառնալ։ Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ որևէ ոստիկան չի պատժվելու։

«Երբ դեկտեմբերի 6-ին Վլադիմիր Գասպարյանը ամբողջ հանրապետությունով մեկ ասաց, որ խուժանը և թաղային «հեղինակությունները» տեղամասերի առջև չեն լինելու, ի՞նչ է՝ այդպե՞ս եղավ։ Ո՛չ։ Իրենք ընդամենը իշխանության կամակատարներն են դարձել, ոչ թե իրավունքի պաշտպանները»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Առաջիկա օրերին Վերաքննիչ դատարանը քննության կառնի Գևորգ Սաֆարյանի բողոքը։ Երկամսյա կալանքը վերացնելու պահանջով ակտիվիստը միաժամանակ նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին է դիմել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG