Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից անցած տարվա նոյեմբերին հայտնաբերված զինված խմբի անդամներից 25-ամյա Ասյա Մկրտչյանն ու 34-ամյա Մարինե Կաթանյանը պնդում են, թե տեղյակ չեն եղել, որ զինված խմբավորման մասն են կազմում:
Աղջիկները, ովքեր մեղադրվում են հանցավոր խմբավորմանը մասնակցելու և զենք-զինամթերք պահելու մեջ, ըստ փաստաբան Ինեսա Պետրոսյանի, ընդամենը աշխատանք գտնելու նպատակով են առնչվել զինված խմբավորման ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանի հետ: Ընդ որում, հարազատ քույրերից Մարինե Կաթանյանը գրանցված է եղել Վարդանյանի ղեկավարած «Հայոց Վահան» կազմակերպությունում՝ որպես խորհրդատու, իսկ քույրը՝ Ասյա Մկրտչյանը ցանկացել է պայմանագրային զինծառայող դառնալ, և նրան էլ խոստացել են օգնել այդ հարցում:
«Իբրև կարող էին օգնել, որ դառնար պայմանագրային զինծառայող»,- ասաց փաստաբանը։
«Ինչո՞ւ Պաշտպանության նախարարությանը չի դիմել». այս հարցին փաստաբանը պատասխանեց.- «Պատրաստվում էր, որ դիմեր Պաշտպանության նախարարությանը։ Իրենք չեն պատկերացրել, որ խումբ է, մտածել են, որ այս միջոցով փաստորեն կանցնեն աշխատանքի։ Ընդամենը նպատակը աշխատանք գտնելն է եղել և ոչ ավելին, այլ ինֆորմացիայի իրենք ընդհանրապես չեն տիրապետել»։
Անցած տարվա նոյեմբերից անազատության մեջ գտնվող աղջիկների խափանման միջոց կալանքը երեկ ևս 2 ամսով երկարաձգվեց։ Նախաքննական մարմինը նշել է, որ նրանց նկատմամբ հիմնավոր կասկածի առկայությունը շարունակում է մնալ։
Երեկ 2 ամսով նաև երկարացվել է զինված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանի կալանքի ժամկետը: ԱԱԾ-ն հրաժարվում է որևէ տեղեկություն տալ այդ մասին, գաղտնի է պահվում նաև, թե առայսօր գործի շրջանակներում քանի մարդ է անազատության մեջ:
Փաստաբան Ինեսա Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե իրենց տեղեկություններով` կալանավորվածների թիվն անցնում է երեք տասնյակից: Նրանց թվում են նաև պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ու « Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը: Բոլոր էլ չեն ընդունում հանցավոր խմբավորման հետ կապ ունենալու՝ ԱԱԾ-ի մեղադրանքները։
ԱԱԾ-ի պնդմամբ՝ զինված խմբավորումը նպատակ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների սպանություններ իրականացնել։ ԱԱԾ-ն չի մանրամասնել, թե խոսքն ում մասին է: Մամուլը գրեց, թե բացահայտված խումբը ծրագրել էր կառավարության, խորհրդարանի և նախագահականի վրա հարձակումներ իրականացնել։ Ըստ մամուլի՝ խումբը նաև պետք է պայթեցներ Ֆրանսիա մեկնել պատրաստվող նախագահի ինքնաթիռը:
Մինչդեռ «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, թե իշխանությունը փորձում է խմբի հետ կապված գործընթացները ի շահ իրեն ծառայեցնել` ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական առումով:
Մակեյանի փոխանցմամբ՝ Արթուր Վարդանյանը մինչև կալանավորվելը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, և այդ մարդիկ նույնպես կարող են թիրախ դառնալ: «Ներքաղաքական առումով բնական է, որ ահաբեկված է քաղաքական ամբողջ դաշտը, պետական պաշտոնյաները, որովհետև էդ խմբի անդամները առիթ են ունեցել շփվելու հարյուրավոր մարդկանց հետ, իսկ էն մարդիկ, որոնք առնչվել, շփվել են, բնականաբար, իրենց պոտենցիալ թիրախ են ընկալում՝ որպես հանցակից»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին ու «Հայրենքի և պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանին, ապա Մակեյանն ասում է, որ նրանց հետ քաղաքական երկար ճանապարհ է անցել և բացառում է, որ այդ անձինք որևէ կապ ունենային ինչ-ինչ գործողություններ ծրագրած խմբի հետ:
«Հիմնականում ռուսամետ ուժեր, մարդիկ են ձերբակալված։ Ե'վ Շիրխանյանը, և' Գառնիկ Մարգարյանը ռուսամետ են, իրենք իրենց պատկերացումներով, մոտեցումներով ռուսական կողմնորոշում ունեն։ Հիմա, երբ էդ մարդիկ գտնվում են կալանքի մեջ, վարչախումբը կարող է և' ռուսների համար ծանր վաճառի, և' Արևմուտքին ներկայացնի, որ տեսեք` ես ինչ խումբ եմ վնասազերծել»,- ասաց Մակեյանը։
«Կարծում եմ՝ Շիրխանյանը, ազատամարտիկները բացարձակ առնչություն չունեն [խմբավորման հետ]։ Բացի դրանից՝ այս ամենի պատասխանատվությունը իշխանությունը պետք է վերցնի իր վրա։ Իշխանությունը տեղ չի թողել մարդկանց, ընտրությամբ որևէ բանի հասնել հնարավոր չէ։ Բնականաբար, մարդիկ մտածում են, երբ գնում ես գյուղեր, մարզեր հանդիպման, ասում են՝ սրանց հարցը միայն ուժով է կարելի լուծել։ Եվ կլինեն արկածախնդիր մարդիկ, որոնք կգնան էդ ճանապարհով։ Սրա պատճառը իշխանությունն է, ոչ թե առանձին անհատներ կամ քաղաքական ուժեր, որ [մարդիկ պատրաստ են զինված խմբավորումների մեջ մտնել]»,- եզրափակեց Մակեյանը։